Ո՞վ է ԱԺ-ում Վարդան Ղուկասյանի օգնականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանը իր հետ խորհրդարան է բերել Գյումրիի քաղաքապետարանի կադրերին:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վարդան Ղուկասյանի օգնականը լինելու է Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանին: Սա ուշագրավ ընտրություն է: Բանն այն է, որ Գագիկ Մանուկյանը Հայաստանի կոմունիստական կուսակցության առանցքային դեմքերից է, ավելին` ԱԺ վերջին ընտրություններում նա Կոմկուսի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականն էր զբաղեցնում: Այլ կերպ ասած, նա մի որոշ ժամանակ եղել է Վարդան Ղուկասյանի քաղաքական հակառակորդը, եթե իհարկե, ընտրություններում պայքարել է նրա դեմ:

Ի դեպ, խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը Կոմունիստ թեկնածու Գագիկ Մանուկյանից հետաքրքրվել էր, թե ինչպես է Գյումրիում աշխատելու իր կուսակցության համար, եթե այդ ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է նաեւ իր նախկին ղեկավարը՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Ոչ թե իմ նախկին ղեկավարն է, այլ իմ ընկերն է, սա մեկ, Վարդան Ղուկասյանի եւ իմ միջեւ որեւէ խնդիր չի կարող ծագել: Մենք միասին տասը եւ ավել տարիներ Գյումրի քաղաքը հնարավորության սահմաններում գեղեցկացրել, շենացրել ենք եւ բավականաչափ բան ենք արել: Ես ղեկավարում եմ գաղափարական մի կուսակցություն, որը ունի գաղափարախոսություն:

Վարդան Ղուկասյանը կհաղթի, կհավաքի բավականաչափ ձայներ, որովհետեւ արժանի է, իսկ ամեն մեկս մեր չափով կհավաքենք: Վարդան Ղուկասյանը կհավաքի 35 տոկոս, կոմունիստները կհավաքեն 5-6 տոկոս, մենք չենք ասում, որ միանգամից կարող ենք գալ իշխանության եւ հեղափոխություն անել»,- այն ժամանակ ասել էր նա:

Միայն թե, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Կոմկուսի օգտին Մանուկյանի աշխատանքը ձեւական բնույթ է կրել, իսկ իրականում նա հենց Վարդան Ղուկասյանին է աջակցել, եւ որպես փոխհատուցում` նրա օգնականն է:




Լրահոս