Ինչն է եղել Գորիսի ոստիկանապետի ազատման պատճառը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ աշխատանքից ազատվում է, գաղտնիք չէ ոչ ոքի: Ինչպես հայտնի է` այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Ազիզյանը։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից:

Իսկ ինչն է եղել Ազիզյանի ազատման պատճառը

Ինչպես հայտնի է` 2017 թվականի փետրվարի 27-ին ահազանգ էր հնչել ոստիկանություն, որ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանը իր աշխատասենյակում ծեծել եւ հայհոյել էր Սյունիքի մարզպետի եղբոր որդուն: Իսկ ինչ էր եղել պատճառը: Էդմոն խաչատրյանը պատմել էր, թե իրեն ծեծի ենթարկելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ինքը զանգահարել է Գորիսի ոստիկանությունում աշխատող կին լեյտենանտներից մեկին ու հաղորդագրություն է ուղարկել: Հաջորդ օրն առավոտյան իրենց տուն են գնացել ոստիկանության մի խումբ աշխատակիցներ եւ իրեն տարել են ոստիկանություն. «Տարան ոստիկանություն, հանեցին մայորի սենյակը, մայորը առանձնազրույց ունեցավ հետս, հետո ոստիկանապետը մտավ ու սկսեց ծեծել», – հայտնել էր նա:

Եվ ահա այս մարտի 3-ին Սյունիքի մարզի քննչական վարչությունից այս գործը տեղափոխվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Մեզ հասած տեղեկություններով` Գեւորգ Ազիզյանը այս աղմկահարույց գործով որպես կասկածյալ է ներգրավված լինում եւ իրավապահները քննելով իրավիճակը տեսնում են, որ հիմքեր կան նրան մեղադրանք առաջդրելու, սակայն իրավիճակ է փոխվում:

Մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահ համակարգում ներքին պայմանավորվածություն են ձեռք բերվում Ազիզյանին մեղադրանք չառաջադրել եւ նրան ճակատագիրը հանձնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Արդյունքում, Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանը ազատվում է աշխատանքից:

Գորիսում լուրեր են պտտվում ` եթե Ազիզյանը չի ծեծել մարզպետի եղբոր որդուն եւ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործն էլ կարճվում է, ապա ինչու են Ազիզյանին ազատել աշխատանքից: Ըստ էության Ազիզյանը կատարվածում մեղավոր է եղել, սակայն որոշել են գործը փակել` բավարարվելով միայն նրան կրկին նրան աշխատանքից ազատելով:

Հիշեցնենք , որ դեռեւս 2016 թվականին Գորիսի Դիանա ռեստորանում ոստիկանության Գորիսի բաժնի պետը ծեծել էր իր տեղակալ Մուշեղ Գեւորգյանի եղբորը` Արթուր Գեւորգյանին: Այս դեպքից հետո վերջինիս ազատեցին պաշտոնից եւ ՀՔԾ-ում քննություն իրականացվեց: Ավելի ուշ Արթուր Գեւորգյանը արդարացվեց իսկ ծեծի գործը կարճվեց, որից հետո ոստիկանապետ Ազիզյանը կրկին անցավ իր աշխատանքին, ըստ էության մնալով անպատիժ եւ դասեր չքաղելով:

ArmLur.am-ը կներկայացնի հրապարակման վերաբերյալ նաև Ոստիկանության պարզաբանումը:




Լրահոս