Ազգային ժողովը կողմ է քվեարկել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթին: Օրինագծով նախատեսվում է ընդլայնել հայտարարագրեր ներկայացնողների ցանկը եւ 500-ի փոխարեն 2200 պաշտոնյաների պարտավորեցնել հանրությանը ներկայացնել ունեցվածքը: Այդ հանձնաժողովը հետեւելու է հայտարարագրերին, քննելու է հայտարարագրմանն առնչվող խախտումներին վերաբերող գործեր:
Ստեղծվելիք հանձնաժողովի շուրջ «Ժողովուրդը» զրուցել է օրինագծի հեղինակներից ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:
– Տիկի՛ն Հովհաննիսյան, այսօր խորհրդարանում միաձայն ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթը: Չնայած խորհրդարանում բոլորը կողմ էին նախագծին, սակայն խորհրդարանից դուրս կա անվստահություն այդ հանձնաժողովի հանդեպ: Ինչպե՞ս եք բարձրացնելու հանրության վստահությունը:
-Ես չեմ ուզում, որ որեւէ մեկը դեռեւս չստեղծված մարմնի կազմավորման եւ օրենսդրական բուն նախաձեռնության քննարկման փուլում իրեն վերապահի դատավորի դեր եւ ի սկզբանե խոսի, որ մարմինն արդյունավետ չի գործելու կամ ընդհանրապես չի գործելու: Իրականում յուրաքանչյուրս պատասխանատու է այդ մարմնի գործունեության արդյունավետության համար, եւ հանրությունը եւս պետք է իր աջակցությունը հայտնի այդ մարմնին, դա եւս անչափ կարեւոր է: Մենք ամեն ինչ արեցինք, ընդունեցինք ընդդիմության առաջարկները, եւ ինձ համար պատիվ էր զեկուցել մի նախագիծ, որը կոնսենսուսով ընդունվեց խորհրդարանում, եւ դա ազդակ էր, որ դրական գործընթացներ են տեղի ունենում, եւ հանրության աջակցությունն այդ մարմնին անհրաժեշտ է լինելու, որպեսզի այն գործի:
-Մինչ այս հակակոռուպցիոն բազմաթիվ մարմիններ են գործել, սակայն դրանց արդյունավետությունն այդպես էլ հանրությունը չի տեսել: Ի՞նչ երաշխիք կա, որ այս անգամ էլ նույնը չի լինի:
-Մենք միշտ խոսում ենք այս կամ այն մարմնի արդյունավետության կամ անարդյունավետության մասին, սակայն մենք չենք ունեցել մարմին, որը միջազգային սկզբունքների համապատասխան ունեցել է գործիքակազմ եւ այդ մարմնին վերապահված են եղել այնպիսի իրավասություններ, որոնք մենք տալիս ենք այս նոր հանձնաժողովին: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը եղել է հարթակ քննարկումների համար, բայց այն գործիքակազմ չի ունեցել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, կարծում եմ, կատարել է բավականին լուրջ աշխատանք այն գործիքակազմի շրջանակներում, որն ունեցել է: Իրականում իրենք շատ լուրջ աշխատանք են կատարել, որպեսզի մենք այսօր նաեւ այդ աշխատանքի բազայի վրա, թերությունները հաշվի առնելով, կարողանանք նախագիծ մշակել:
-Եթե այս հանձնաժողովը ստեղծվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատանքի բազայի հիման վրա, դա չի՞ խոսում այդ հանձնաժողովի անարդյունավետության մասին եւս:
-Իրենք կատարել են բազմաթիվ ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, որոնք ցույց են տվել բացերը գործող համակարգի եւ մեզ թույլ են տվել ստեղծելու այդ մարմինը: Էթիկայի հանձնաժողովի հենքի վրա չի ստեղծվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Երբ այդ հանձնաժողովը կսկսի գործել, էթիկայի հանձնաժողովի լիազորությունները կդադարեցվեն:
-Դուք նշեցիք, թե պետք է հանրության աջակցությունը լինի, սակայն նախօրեին Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն այս ամենը համեմատեց գործ տալու հետ:
-Նախ խորհրդարանը հարթակ է՝ տարբեր տեսակետներ հնչեցնելու համար: Պատգամավորն ընդամենն իր մտահոգությունն էր արտահայտում: Ես կարծում եմ, որ այստեղ մենք պետք է խոսենք ոչ թե հանրության դրական կամ բացասական արձագանքի մասին, այլ ավելի շատ պետք է խոսենք ստեղծվելիք մարմնի հանրային աջակցության մասին:
-Վերջին շրջանում դատավորների կաշառք ստանալու աղմկահարույց դեպքեր բացահայտվեցին: Դա ինչի՞ հետեւանք եք համարում` օրենքի բացի՞, թե՞ ցածր աշխատավարձի: Եվ այս առումով ի՞նչ կարող է անել նոր հանձնաժողովը:
-Այդ մարմինը քննության ֆունկցիա կամ քննչական իրավաչափ գործառույթներ չի ունենալու բնականաբար, բայց մարմինն իրեն տրված գործիքակազմի շրջանակներում` շահերի բախման, հայտարարագրման հետ կապված, կարողանալու է իր կասկածները ներկայացնել գլխավոր դատախազություն եւ ասել, որ ինքն այդտեղ խնդիր է տեսնում:
-Բայց կաշառքի նման դեպքերն ինչի՞ հետեւանք եք համարում:
-Դուք կոնկրետ դեպքի մասին եք խոսում, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպք ունի իր պատճառաբանությունը: Եթե կատարել են հանցագործություն, պետք է պատժվեն, ես այստեղ որեւէ միտում չեմ տեսնում: Կոռուպցիան ծնող պատճառների մասին եթե խոսենք, դրանք տարբեր կարող են լինել, օրինակ՝ ցածր աշխատավարձից մինչեւ կոռուպցիոն հակվածություն:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը