Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին, այդ թվում՝ առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերին:
Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը: