Արամ Դանիելյանը պետք է հրաժարական տա. փաստեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը գերազանցել է իր պաշտոնական լիազորությունները՝ փորձելով օրեր առաջ տեղի ունեցած դեպքը կեղծ հետքի վրա տանել: Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ նրա անչափահաս որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, քաղաքապետի ծառայողական մեքենայով վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը տեղում մահացել է:

Դեպքի օրը քաղաքապետի վարորդ Ռաֆայել Օհանյանը ներկայացել է իրավապահներին և կեղծ ցուցմունք տվել, թե ինքն է եղել մեքենայի ղեկին: Միանշանակ, վարորդն առանց ղեկավարի հրահանգի ինքնազոհության չէր դիմի: Իսկ արդեն մյուս օրը քաղաքապետը որդու հետ ներկայացել է ոստիկանություն և պատմել իրենց «ճշմարտությունը»:

Անխոս, եթե այս ամենը տեղի ունենար մեկ այլ երկրում, ապա այդ պաշտոնյան պետք է անմիջապես հրաժարական տար: Նախ գործը կոծկելու փորձերը, ապա նաև ծառայողական մեքենան այլ նպատակներով օգտագործելը: Ի վերջո, ի՞նչ գործ ուներ մեքենան քաղաքապետի անչափահաս որդու մոտ, եթե, ինչպես պնդում է Դանիելյանը,  վարորդն աշխատանքի չի եղել:

Նշենք, որ վթարից մահացածը ՌԴ-ին փաստացի պատկանող «Գազպրոմ» ընկերության աշխատակից էր, և զարմանալի է,  որ այս դեպքին ռուսական լրատվամիջոցները չեն անդրադառնում: Սա խոշորագույն սկանդալ է, որ քաղաքապետի  որդին օրը ցերեկով մահվան ելքով վրաերթի  է ենթարկում այդպիսի խոշոր ընկերության աշխատակցին, դեպքի վայրից փախուստի դիմում` հանելով համարանիշները:

Իսկ վթարից զոհված տղամարդու հարազատները, երևի թե, չգիտեն, որ պարոն Միլլերը Արամ Դանիելյանի «շնորհիվ» պետք է կամ խոշոր տուգանք փոխհատուցի իրենց, կամ արդարանա` ոչ անվտանգ ընկերություն ունենալու համար:

Կատարվածը, բառի ամենալայն իմաստով, միջազգային սկանդալ է, երբ քաղաքապետի որդին օրը-ցերեկով խոշորագույն ընկերության աշխատակցին վրաերթի է ենթարկում պաշտոնյա հոր ծառայողական մեքենայով:

Հ.Գ. Ավելորդ չէր լինի հիշեցնել` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները երբ «Հարսնաքար»-ում սպանեցին բժիշկ Վահե Ավետյանին, Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: Դե իհարկե, այլ պաշտոնի անցավ, բայց արդարության ստվեր գցվեց:

Մեկ այլ օրինակով. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ժամանակավորապես թողեց պաշտոնը` մինչ այն պահը, երբ ավարտվեց Բուդաղյանների հետ տեղի ունեցած ողբերգական դեպքի քննությունը:

Դատեք ինքներդ:




Լրահոս