Այսօր ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանի հիշատակի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք տարի առաջ այս օրը՝ հունիսի 12-ին, կյանքի 80-րդ տարում մեզանից հեռացավ ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանը: Չնայած նրա ֆիզիկական բացակայությանը՝ Կառլեն Եսայան անուն-ազգանունն այսօր էլ հաճախ է հնչում բժշկական աշխարհում, ինչպես նաև Հայաստանում ու Արցախում իրականացվող նշանակալի ու կարևոր բարեգործական միջոցառումների շրջանակներում:

Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերին վերաբացվեց Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան` զինված նոր ու ժամանակակից սարքավորումներով: Այդ օրն իսկական իրադարձություն էր շատերի համար՝ հատկապես կոլեկտիվի համար, որի ներկայացուցիչները առիթ էին ունեցել տասնամյակներ շարունակ աշխատելու վաստակավոր բժշկի հետ և նրանից սովորելու ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային հարաբերությունների գաղտնիքներ:

Հենց այդ առիթով լրագրողների հետ զրույցում Կառլեն Եսայանի կինը՝ Սառա Եսայանն այսպես է բնութագրել ամուսնուն.  «Նա նշանաբան ուներ՝ աշխատել առանց խոսելու, գործն անում էր ու առիթի դեպքում ասում՝ միայն գործն է խոսում, մարդը չպետք է խոսի իր արած գործի մասին: Ամեն տեղ նույնն էր՝ խիստ, կարգապահ, համբերատար ու բարի»:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել էր Եսայանների ընտանիքի կողմից:

Դարձյալ անցած տարի՝  հոկտեմբերի 15-ին Կառլեն Եսայանի ծննդավայրում՝ Արցախի Մեծ Շեն համայնքում Եսայաններ գերդաստանի հովանավորությամբ բացվեց «Մանթաշ» հյուրանոցը:  Բացի այս, Մեծ Շեն գյուղում Եսայանները կառուցել են մշակույթի տուն, բարերար Կառլեն Եսայանի հուշարձանին և Սուրբ Գևորգ եկեղեցուն կից երիցատուն:  ՀՀ վաստակավոր բժշկի հիշատակն այստեղ հավերժացնում է իր իսկ ծննդավայրում տեղադրված կիսանդրին: Եսայան ամուսինների նախաձեռնություններից հատուկ ուշադրության է արժանի հետևյալը. 2004-2011 թթ. ընթացքում Մեծ Շեն գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար Եսայանները տրամադրել են դրամական նվիրատվություն՝ աջակցելով հայրենի գյուղի երիտասարդ ընտանիքներին:

Կառլեն Եսայանը բազմաթիվ կոչումներ ու պարգևներ է ստացել, հարյուրավոր բարեգործություններ իրականացրել, որոնք այսօր էլ շարունակվում են կյանքի կոչվել նրա տիկնոջ կողմից:

Այսօր Կառլեն Եսայանի հիշատակի օրն է: Խնկարկում ու խոնարհում նրա շիրիմին:




Լրահոս