ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` ի դեմս նախարար Լևոն Մկրտչյանի, և «Հայաստանի մանուկներ հիմնադրամը»՝ ի դեմս COAF ատենապետ Գարո Արմենի, այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ «Հայաստանի մանուկներ հիմնադրամը» մեծ վաստակ ունի Հայաստանի կրթական համակարգում: Ըստ նախարարի` նմանատիպ փաստաթղթերի ստորագրումը նաև առիթ է, որպեսզի նշվի այն շատ կարևոր և նվիրված աշխատանքը, որ 10-ից ավելի տարիներ իրականացնում են մեր հայրենակիցները ՀՀ-ում: «Հիմնադրամը հայկական կրթական համակարգի բոլոր խոշոր ծրագրերում իր յուրահատուկ ձեռագիրն ունի: Այն մեր երեխաների կյանքի բոլոր ոլորտներում է և ուղեկցում է նրանց մանկությունից մինչև գիտություն: Նրանք մեր կրթական մակարդակը տանում են միջազգային ճանաչման: Սա մտադրությունների հուշագիր է, որը, մի կողմից, ամրագրում է իրենց ուղենիշները, մյուս կողմից` մեզ հնարավորություն է տալիս օգտագործել հիմնադրամի փորձը մի քանի ուղղություններով: Օրինակ, կփորձենք օգտագործել նրանց ներուժը` մասնագետներ հրավիրելով Հայաստան, որպեսզի նրանք ներգրավվեն կրթական քաղաքականության զարգացման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման գործընթացներում»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ մարզերում առկա է օտար լեզուների դասավանդման խնդիր, և նաև հիմնադրամի միջոցով պետք է այս խնդիրը լուծել: «Հիմնադրամը Լոռու մարզի Դեբետ համայնքում Սմարթ կենտրոն է կառուցում, և հույս ունեմ` շուտով կենտրոնի բացումը կանենք: Հիմնադրամի աշխատանքը շատ մեծ է ոչ միայն կրթության, այլ նաև այլ ասպարեզներում, այն նպաստում է Հայաստանի վարկանիշի բարձրացմանը»,- նշել է նախարարը` շնորհակալություն հայտնելով հիմնադրամին` իրականացրած աշխատանքների համար:
«Հայաստանի մանուկներ հիմնադրամի» ատենապետ Գարո Արմենն էլ իր հերթին նշել է, որ հայ ժողովրդի պատմությունը դարերի խորքից է գալիս, և մեր ապրելակերպի ամենակարևոր ջիղը կրթությունն է եղել: «Մեր նպատակն է գալիք 100 տարվա ընթացքում փոխել ամեն ինչ և կրթական մակարդակն այնքան բարձրացնել, որ աշխարհին էլ հայտ ներկայացնենք: Ուզում ենք մեր մանուկներին տալ այն կրթությունը, որը կա առաջավոր երկրներում»,- ընդգծել է նա:
Նշենք, որ հուշագրի շրջանակում նախատեսվում է դպրոցական ենթակառուցվածքների բարելավում, այդ թվում՝ տեխնոլոգիապես հագեցած դասասենյակների՝ ստեղծագործարանների կամ ՍՄԱՐԹ սենյակների ստեղծում, դպրոցական ճաշարանների վերանորոգում, արտադասարանային նախաձեռնությունների խրախուսում, այդ թվում՝ արվեստներ և արհեստներ, սպորտ, սոցիալ-ֆինանսական կրթություն, անգլերենի ուսուցում և այլն: Համաձայնագրով նախատեսվում է նաև աջակցություն աշակերտական ինքնավարությանը և մասնագիտական կողմնորոշմանն ուղղված նախաձեռնություններին: Հիմնադրամի կողմից Լոռու մարզի Դեբետ համայնքում կառուցվող ՍՄԱՐԹ կենտրոնում, իսկ հետագայում՝ նաև այլ մարզերի ՍՄԱՐԹ կենտրոններում նախատեսվում է համատեղ միջոցառումների իրականացում, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստում կամ հանրակրթական դպրոցների աշակերտների համար մասնագիտական կողմնորոշման ծրագրերի իրականացում։ ՀՀ ԿԳ նախարարությունը պատրաստակամություն է հայտնում օժանդակել հիմնադրամին շահառու դպրոցների ընտրության հարցում, խրախուսել նրանց ակտիվորեն ներգրավվել իրականացվող նախաձեռնություններում, նպաստել շահառու դպրոցների ներգրավմանը նախարարության կողմից իրականացվող պետական այն ծրագրերում, որտեղ համատեղ ջանքերը կարող են հանգեցնել ֆինանսական և ծրագրային արդյունավետության (օրինակ՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր և այլն): Կողմերը պատրաստակամություն են հայտնում մշակել և հանրայնացնել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը խթանող ուսումնաօժանդակ նյութեր և մեթոդական ձեռնարկներ՝ այդ թվում մասնագիտական կողմնորոշման, սոցիալ-ֆինանսական կրթության, մասնագիտական աջակցության և այլ ոլորտներում, աջակցել շահառու դպրոցների տնօրենների կարողությունների զարգացմանը՝ վերջիններիս համար հասանելի դարձնելով Հայաստանում և արտերկրում դպրոցական կառավարման և ուսումնական բովանդակության առաջատար փորձը։