Ժիրայր Սէֆիլյանի գործով հետախուզվողը տուժող է ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով շուրջ 6 ամիս հետախուզման մեջ գտնվող Արթուր Մովսիսյանը աղմկահարույց քրեական գործերից մեկով տուժող է ճանաչվել: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ 2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Եվ ահա 6 ամիս անց մայիս 7-ին հետախուզվող Արթուր Մովսիսյանին տեղափոխեցին Հայաստան: Վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին հայտնել է, որ ինքը որեւէ մեկից թաքնված չի եղել, եւ պատահական է իմացել, որ հետախուզման մեջ է:

Ինչեւէ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ շուրջ 6 ամիս հետախուզման մեջ գտնվող Արթուր Մովսիսյանը 2015 թվականի էլեկտրիկ Երեւանի բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած բռնությունների գործով ճանաչվել է տուժող: Մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց.

«Անակնկալ էր, որ մի քանի օր առաջ 2015 թվականի էլեկտրիկ Երեւանի դեպքերով Արթուրին տուժող ճանաչեցին: Այսինքն երկու տարի հետո իրեն նոր տուժող են ճանաչել: Օրենքի տառին համաձայն իրեն պետք է տային դատաբժշկական ուղեգիր, որ դատբժիշկը պարզեր ստացած մարմնական վնասվածքների աստիճանը: Պարզ եւ հասկանալի է, որ երկու տարի հետո որեւէ դատաբժիշկ չի կարող ասել, թե նա կոնկրետ այդ օրը ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու ժամանակ ինչ մարմնական վնասվածքներ է ստացել: Իր հետ կապված այս ընթացքում դեռեւս այսպիսին է իրավիճակը, իսկ կոնկրետ Ժիրյար Սէֆիլյանի գործով, որում որպես մեղադրյալ ներգրաված է Արթուրը, ավելի քան մեկ ամիս է տեղափոխվել է, սակայն բացարձակ որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Մայիսի 7-ից մինչ օրս նա գտնվում է մեկուսարանում եւ տպավարություն է, որ մոռացել են, որ նա այստեղ է»:




Լրահոս