Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը որդուն փրկելու համար իրավապահ համակարգին սխալ է հանում: Բայց այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ պաշտոնյան ստում է:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ ժամը 12.25-ի սահմաններում, Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի էր ենթարկել Վալերի Թորոսյանին, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր: Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, եւ գործը տեղափոխվել էր ՀՀ քննչական կոմիտե: Ավելի ուշ իրավապահներին էր ներկայացել քաղաքապետի վարորդ Ռաֆայել Օհանյանը եւ հայտնել, թե ինքն է եղել մեքենայի ղեկին, սակայն իրավապահները պարզել են, որ նա չի եղել ղեկին, այլ 17-ամյա Ռազմիկ Դանիելյանը՝ քաղաքապետի որդին: Ասել է, թե քաղաքապետի առաջին քայլը՝ որդուն փրկելու համար, ձախողվեց:
Նկատենք, որ ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտնել էր, որ բացատրական աշխատանքների շնորհիվ երիտասարդը ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկել եւ դեպքից հետո ինքնազգացողությունը վատանալու պատճառով դիմել է բուժօգնության: Պաշտոնական հաղորդագրությունը ցույց է տալիս, որ քաղաքապետի որդին մարդուն գցել է մեքենայի տակ եւ փախուստի է դիմել, իսկ իրավապահներին ներկայացրել է, թե ինքնազգացողությունը վատացել է, դիմել բուժօգնության: Սակայն, ի հեճուկս այս ամենի, Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հայտնում է. «Այո՛, իմ տղան է եղել, ինքն առաջին օրվանից էլ ընդունել է: Իմ երեխան է տուժողին ճանապարհ դրել հիվանդանոց, առաջին օգնությունն ինքն է ցուցաբերել»: Ավելին՝ քաղաքապետը հերքեց նաեւ ոստիկանության տվյալները, թե սկզբում 32-ամյա տղամարդ է ներկայացել եւ հայտնել, որ վրաերթի հեղինակն ինքն է եղել. «Այդպիսի բան չի եղել»: Ասել է, թե Հրազդանի քաղաքապետը դուրս է եկել իրավապահ համակարգի դեմ:
Այսպիսով՝ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը փորձում է որդու կատարած արարքի հետքերը մաքրել՝ մոռանալով, որ կատարվածի արդյունքում մարդ է մահացել: Մինչդեռ Արամ Դանիելյանը առնվազն պետք է հրաժարական տար՝ այդ կերպ ընդունելով որդու կատարած արարքի պատասխանատվությունը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Ք. Մ.