Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու. Դավիթ Բաբայանը՝ Բաքու -Անկարա չվերթի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ մամուլի տեղեկությունների՝ Ստամբուլից Բաքու թռչող «Turkish Airlines» ավիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը, որը կատարում է TK334 /THY3RF չվերթը, անցնում է Արցախի օդային տարածքով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ Արցախը, ի տարբերություն Ադրբեջանի, ահաբեկչական պետություն չէ. Արցախի օդային տարածքով բազմաթիվ միջազգային չվերթներ են իրականացվում:

«Նախ՝ մենք Ադրբեջան չենք, որ խոցենք քաղաքացիական ինքնաթիռներ. դա մեր էությանը խորթ է, և երկրորդ՝ եթե այդպիսի չվերթ է իրականացվում, դա ցույց է տալիս Ադրբեջանի քարոզչության ամբողջական կեղծ լինելը: Մի կողմից նրանք հորդորում են, որ Արցախի օդային տարածքով ոչ մի չվերթ չլինի, մյուս կողմից այդ նույն տարածքով իրականացնում են տարբեր միջազգային չվերթներ. փաստորեն Ադրբեջանն ինքն իրեն հակասում է: Թող աշխարհը տեսնի, թե ինչ տարբերություն կա մեր և Ադրբեջանի պես բարբարոս, ֆաշիստական պետության միջև: Արցախը երբևէ քաղաքացիական ինքնաթիռներ չի խոցելու, և դա դեմ է մեր որդեգրած արժեհամակարգին: Երբ Ադրբեջանի նախագահի մակարդակով ասվում է, որ պետք է ոչնչացնել Երևան-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Երևան չվերթ իրականացնող ցանկացած քաղաքացիական ինքնաթիռ, ապա դա միջազգային հանրության համար կարևորագույն խնդիր պետք է դառնա: Ինչպես իսլամական պետության,Ալքաիդայի և ահաբեկչական այլ կազմակերպությունների և նրանց ղեկավարների կամ ներկայացուցիչների դեմ են պատժամիջոցներ իրականացնում, այնպես էլ Ալիևի և նրա վարչախմբի ներկայացուցիչների նկատմամբ պետք է նման հայտարարությունների համար համապատասխան միջոցներ կիրառվեն»,-ասել է Դ. Բաբայանը:




Լրահոս