Մարտի 14-ին Ջրառատ համայնքում տեղի ունեցած միջադեպի գործով հարուցված քրեական գործը կարճվեց: Ինչպես հայտնի է՝ մարտի 12-ին Արմավիր մարզի Ջրառատ համայնքում ծեծկռտուք էր եղել համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան-Րաֆֆ-Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո հիվանդանոց էր տեղափոխվել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը: Այդ միջադեպն ունեցավ իր շարունակությունը. արդեն մարտի 14-ին գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանն այլ անձանց հետ երկաթե ձողերով ծեծի ենթարկեց Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահաս Արայիկ Մելքոնյանին՝ արձակելով նաեւ կրակոցներ: Կատարվածի արդյունքում հարուցված քրեական գործով գյուղապետի տեղեկալին՝ Տիգրան Սարգսյանին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել), եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն իրացնելը, պահել): Վերջինս կալանավորվեց: Սակայն մարտի 16-ին դեպքերը զարգացան միանգամայն այլ ուղղությամբ, եւ հիվանդանոց տեղափոխված Հակոբ Մելքոնյանի հայրը` Մանվել Մելքոնյանը, հայտարարեց, թե ինքը հանդիպել է Լյովա Երանոսյանի հետ, խոսել են, հասկացել իրար եւ հաշտվել:
Եվ ահա քիչ առաջ մեզ հետ զրույցում Մանվել Մելքոնյանը հայտնեց, որ հարուցված քրեական գործը կարճվել է: Իսկ թե ինչ ճակատագրի արժանացավ գյուղապետի տեղեկալ Տիգրան Սարգսյանը, վերջինս հայտնեց, թե տեղեկություն չունի: ArmLur.am-ին հայտնի դարձջավ, որ նա դեռեւս կալանքի տակ է: