Բերդի տարածաշրջանի 17 համայնքների ղեկավարներից 15-ը դեմ են համայնքների խոշորացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի նոյեմբեր 5-ին սահմանամերձ Տավուշի մարզում կկայանան խոշորացված Բերդի համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Այդ տարածաշրջանի 17 համայնքները կկազմեն Բերդ խոշոր համայնքը:
Իսկ Իջեւանի տարածաշրջանի համայնքների խոշորացումը կարվի 2018 թվականի փետրվարին: Հավանական է, որ Իջեւանի տարածաշրջանի 19 համայնքները միավորվելով՝ կազմեն ոչ թե մեկ, այլ խոշոր 3 համայնք՝ Իջեւանը, Ազատամուտը եւ Աչաջուրը: Սահմանամերձ Բերդի տարածաշրջանի 17 համայնքների ղեկավարներից 15-ը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ իրենք դեմ են համայնքների խոշորացմանը: Նրանք ասացին, որ իրենք արտահայտում են ոչ միայն իրենց, այլ նաեւ իրենց համայնքների բնակիչների եւ ավագանու կարծիքը:

Համայնքապետերը նշեցին, որ համայնքների խոշորացման մասին բնակչությանը պատշաճ չեն իրազեկել, նրանց կարծիքը հաշվի չեն առել, մի անգամ այդ հարցով տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Բերդի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Խոշորացվող համայնքների ղեկավարներն ասացին՝ իրենք չգիտեն՝ խոշորացումը համայնքներին օգո՞ւտ կտա, թե՞ վնաս: Նկատենք, որ Բերդի տարածաշրջանում խոշորացմանը կողմ արտահայտված համայնքների ղեկավարները Վարագավանի եւ Այգեպարի գյուղապետերն են:

748 բնակիչ ունեցող Վարագավան համայնքը 2015 թվականից ղեկավարող Արմեն Աբրահամյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ ո՞րն է համայնքների խոշորացմանը նրա կողմ լինելու պատճառը: Ի զարմանս մեզ համայնքի ղեկավարն էլ հայտարարեց, թե չգիտի՝ համայնքների խոշորացումը դրական արդյունքներ կունենա՞, թե՞ ոչ, սակայն եթե իշխանությունը որոշել է խոշորացում կատարել, ուրմեն հարցը վճռված է, իրենք չեն կարող ազդել այդ որոշման վրա:
Ադրբեջանին սահմանամերձ, 642 բնակիչ ունեցող Այգեպար գյուղը խորհրդային տարիներին բանվորական ավան է եղել, այն հող քիչ ունի, այնտեղ տարեկան ընդամենը 35 հազար դրամ հողի հարկ է հավաքագրվում, համայնքապետարանը գոյատեւում է պետական բյուջեից տրվող լրավճարով: 37-ամյա ղեկավար Անդրանիկ Այդինյանը Այգեպար համայնքը ղեկավարում է 2005 թվականից: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ աշխարհում դրական փոփոխություններ են կատարվում, որոնց իրենք անմասն չպետք է մնան, զարգացած երկրներում համայնքների խոշորացումը զարգացման է տարել: Ա. Այդինյանն ասաց, որ ինքը վստահում է երկրի նախագահին, եթե համայնքների խոշորացում է արվում, ուրեմն դա դրական փոփոխություններ կբերի:
Հուսանք: Թեեւ դժվար է պատկերացնել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս