Ինչո՞ւ է կրճատումներից ու օպտիմալացումից խոսող վարչապետն ավելացնում իր օգնականներին ու խորհրդականներին. պետք է սկսի իրենից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով սկսված օպտիմալացումներն ու կրճատումները շարունակվում են, սակայն, չգիտես ինչու, դրանք շրջանցում են հենց իր աշխատակազմը: Մասնավորապես կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց միավորել «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» եւ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները՝ ստեղծելով «Սեյսմիկ պաշտպանություն արեւմտյան ծառայություն»-ը: Միավորման արդյունքում կկրճատվի 40 հաստիք եւ կտնտեսվի 50 մլն 340 հազար դրամ:

Իհարկե, այս փոփոխություններն ինչ-որ տեղ կարող ենք դրական համարել, քանի որ այսպես փորձ է արվում վերացնել ուռճացված աշխատակազմերը, գումարներ տնտեսել: Սակայն մյուս կողմից մենք ապրում ենք աղքատության եւ գործազրկության բարձր մակարդակ ունեցող մի այնպիսի երկրում, որտեղ այսքան հաստիքներ կրճատելն ու այդքան մարդկանց անաշխատանք թողնելը միայն կխորացնեն այդ երեւույթները:

Միեւնույն ժամանակ դեռ պարզ չէ՝ ուր են գնալու տնտեսված այդ գումարները. համենայն դեպս, նախորդ տարիներին եւս տնտեսումներ արվեցին, բայց արդյունքում ո՛չ թոշակները, ո՛չ նպաստները, ո՛չ էլ աշխատավարձերը չբարձրացրին: Եվ այս բոլոր կրճատումների ֆոնին շատ հետաքրքիր է հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատակազմը, եւ գործադիրի ղեկավարը կարծես չի էլ ցանկանում օպտիմալացումներ կատարել: Համենայնդեպս, օգնականների եւ խորհրդականների թիվն այլ բանի մասին է խոսում:
Կարեն Կարապետյանն ունի հաստիքային 5 խորհրդական եւ 4 օգնական, եւս 6 խորհրդական էլ՝ հասարակական հիմունքներով: Սակայն օրեր առաջ նա իր օգնական Արամ Վարդեւանյանին նշանակել է ավագ օգնական, իսկ խորհրդական Էդուարդ Ներսիսյանին՝ գլխավոր խորհրդական. համաձայնեք` փառահեղ քայլ է: Դատելով այս նշանակումների տեմպից՝ կարելի է եզրակացնել, որ դրանց քանակն ավելանալու միտում ունի:

Թե վարչապետին ինչ խորհուրդներ են տալիս այդ օգնականներն ու խորհրդականները, անհայտ է: Այսպես նրանք կարծես ուզում են տպավորություն ստեղծել, թե լավ են աշխատում: Ինչո՞ւ է կրճատումներից ու օպտիմալացումից խոսող վարչապետն ավելացնում իր օգնականներին ու խորհրդականներին:
Հայտնի է, որ օպտիմալացման գործընթաց սկսել է նաեւ Ազգային ժողովը: Խորհրդարանի ղեկավար դառնալու հենց առաջին օրվանից Արա Բաբլոյանը որոշեց կրճատել իր աշխատակազմը եւ 22 հոգուց այն դարձնել 6: Այսպիսով՝ փոփոխություններից հետո Բաբլոյանը կունենա 2 խորհրդական, 3 օգնական եւ 1 ռեֆերենտ: Եվ հարց է առաջանում՝ ինչո՞ւ ԱԺ-ի օրինակով նույն կրճատումները նաեւ կառավարությունը չի անում: Օպտիմալացման հանդեպ սիրով չի փայլում նաեւ նախագահականը: Սերժ Սարգսյանն ունի 7 խորհրդական, վեց օգնական եւ չորս ռեֆերենտ: Ստացվում է՝ վարչապետը խոսում է ուրիշների մասին՝ մոռանալով իրեն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս