Ջրառատի դեպքերը «ջրեցին». ինչ զարգացումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կարճվել է Ջրառատ համայնքում ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով հարուցված քրեական գործը: Հիշեցնենք` մարտի 12-ին ու 14-ին ին Արմավիր մարզի Ջրառատ համայնքում ծեծկռտուք էր եղել համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան-Րաֆֆ-Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը, ատրճանակից օդ էր կրակել, ինչի համար նրան ծեծել էին:

Հետո միջադեպը շարունակվել էր երկու օր անց, այս անգամ իշխանությունները գործադրել էին ինքնաձիգ. գյուղապետի տեղեկալ Տիգրան Սարգսյանը ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ էր արձակել, եւ ստացված վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել ջրառատցիները՝ Մելիք Մելքոնյանը, Հակոբ Մելքոնյանը եւ անչափահաս Արայիկ Մելքոնյանը: Փոխգյուղապետին էլ մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել), եւ 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով հրազեն իրացնելը, պահել) համաձայն:

Սակայն մարտի 16-ին դեպքերը զարգացան միանգամայն այլ ուղղությամբ, հիվանդանոց տեղափոխված Հակոբ Մելքոնյանի հայրը` Մանվել Մելքոնյանը, հայտարարեց, թե ինքը հանդիպել է Լյովա Երանոսյանի հետ, խոսել են, հասկացել իրար եւ հաշտվել: Հիմա կարճվել է մարմնական վնասվածք հասցնելու մասով հարուցված քրեական գործը, իսկ ահա ապօրինի զենքի գործով նախաքննությունը շարունակվում է, եւ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը կալանքի տակ է: Հիմա էլ փորձեր են արվում ապօրինի զենք պահելու եւ գործադրելու գործը կարճելու եւ նրան ազատ արձակելու ուղղությամբ:




Լրահոս