ԹՐԱՄՓԻ ՓԵՍԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԱՐՇԱՎԱՆՔ Է ՍԿՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում էր` հընթացս Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի գործունեությանը, քաղաքական կյանքն այս երկրում կմտներ տրամաբանական զարգացման շրջափուլ: Սակայն մինչ օրս սկանդալների պակաս չի զգացվել, եւ նոր բացահայտումները ամերիկյան մամուլում շարունակվում են: Այս անգամ դրանք վերաբերում են նախագահի ավագ խորհրդական փեսային` Ջարեդ Քուշներին: Ըստ ամերիկյան մամուլի` վերջինս նույնպես թաթախված է «ռուսական հետքի» սկանդալում:

Թրամփի հաղթանակը կարծես հանգիստ չի տալիս ինչ-ինչ շրջանակների, որոնք նոյեմբերի 8-ից ի վեր ջանք չեն խնայում ապացուցելու նրա եւ ռուսական շրջանակների միջեւ առկա գաղտնի կապերը: Մինչ օրս, սակայն, որեւէ իրական ապացույց չի հրապարակվել: Մինչդեռ Թրամփի վարչակազմի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցչի մասին ամերիկյան պարբերականները բազմաթիվ հոդվածներ են հեղինակել` մատնացույց անելով գաղտնի կապերն ու հարաբերությունները ռուսական դիվանագիտական, քաղաքական եւ նույնիսկ հատուկ ծառայությունների հետ: Այդ հրապարակումները հանգեցրին նախագահի անվտանգության գծով արդեն նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի հրաժարականին, լարվածություն առաջացրին ՀԴԲ-ի ու ԱՄՆ արդարադատության նախարարության միջեւ, ստիպեցին նախագահին ազատել ՀԴԲ-ի ղեկավարին եւ վերջապես ամեն օր փոթորկում են Թրամփի անդորրը: Այս անգամ արդեն հերթը բաժին է հասել նախագահի փեսա Քուշներին, որը օրեր առաջ Սաուդյան Արաբիայում հսկայական հաջողության էր հասել` բազմամիլիարդանոց պայմանագիր կնքելով:
Washington Post-ը օրերս տեղեկություններ հրապարակեց, որոնց համաձայն` Քուշները 2016թ. դեկտեմբերին հանդիպել էր ԱՄՆ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կիսլյակին եւ առաջարկել Կրեմլի ու Թրամփի թիմի միջեւ հաստատել անվտանգ ու գաղտնի հեռահաղորդակցական կապ` ազատորեն շփվելու ու տեղեկատվական արտահոսքերը կանխելու միտումով: Ըստ լրատվականի` Քուշներն առաջարկել է դրա համար օգտագործել ռուսական դիվանագիտական հնարավորությունները: Թեպետ, ըստ աղբյուրների, նման կապ չի ստեղծվել, սակայն Քուշների շուրջ ստեղծված իրավիճակը դրանից չի փոխվում: Նկատենք, որ նախագահականը պաշտպանել է Քուշներին` հայտարարելով, որ գաղտնի ու անվտանգ կապի հաստատումը միտված է եղել կանխելու համար անհարկի արտահոսքերը, ինչպես նաեւ ապահովելու դիվանագիտական խոսակցությունների առավելագույն արդյունավետությունը: Առաջին հայացքից լիովին օրինաչափ այս մեկնաբանությունը խորքային իմաստով կաղում է, քանզի նման կապի հաստատումը ոչ թե կանխելու էր արտահոսքերը, այլ պարզապես խաթարելու էր ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքը: Եվ ապա Թրամփը դեռեւս չէր ստանձնել նախագահական լիազորությունները եւ գուցե երբեք էլ չստանձներ, ուստի Ռուսաստանի հետ նման կապ ունենալու պատճառ, ըստ էության, չպետք է ունենար: Ի՞նչ գործ ուներ Թրամփը Սիրիայի եւ այլ հարցերով Կրեմլի հետ քննարկումներ անցկացնելու հետ, երբ դեռ մեկ ամիս նախագահի պարտականություններն իրականացնում էր Բարաք Օբաման: Տրամաբանական է, որ Թրամփի կողմնակիցները չէին ցանկանում, որ իրենց եւ ռուսների խոսակցությունների մասին տեղեկանային ամերիկյան հետախուզական ծառայություններն ու նախագահ Օբաման: Միաժամանակ քանի դեռ նախագահական լիազորություններին տիրապետում էր Օբաման, Թրամփի թիմի որեւէ ներկայացուցիչ իրավունք չուներ առանց Սպիտակ տան հատուկ թույլտվության կամ համաձայնության, նման հարաբերությունների մեջ գտնվել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Մասնագետները մեկնաբանում են, որ դեռ պաշտոնեական դիրք չունեցող Քուշները կարող էր օգտագործվել օտարերկրյա ծառայությունների կողմից` թեկուզ անգիտակցաբար գաղտնի տեղեկություններ փոխանցելով նրանց: Ի վերջո, անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ պիտի Թրամփի թիմը օգտագործեր ԱՄՆ հակառակորդ Ռուսաստանի դիվանագիտական ծառայության հնարավորությունները, երբ նման հարցով առաջին հերթին պիտի դիմեր հենց ամերիկյան պատկան մարմիններին կամ նախագահին:
Թրամփի վարչակազմին հարող շրջանակները պատմական էքսկուրսներ են կատարում եւ հիշեցնում, թե ինչպես էր Ֆ. Ռուզվելտը գաղտնի կապ պահպանում Չերչիլի հետ, Քիսսինջերը` ՌԴ դեսպան Դոբրինինի հետ, Օբամայի վարչակազմը` Կուբայի դիվանագիտական շրջանակների եւ այլն: Սակայն բաց է մնում ամենակարեւոր հարցը` չէ՞ որ դրանք բոլորն էլ իշխանության կոնկրետ ներկայացուցիչներ են եղել եւ, ըստ էության, նման գործելակերպի իրավասություն ունեցող: Մինչդեռ Քուշների առաջարկը միտված է եղել ամերիկյան հատուկ ծառայություններից գաղտնի կապի ստեղծմանը` տեղեկատվությունը ամերիկյան իշխանություններից թաքցնելուն: Այս հանգամանքը իրապես բարդացնում է Քուշների դրությունը, եւ արդեն իսկ պահանջներ են հնչեցվում նրան հարցաքննության կանչել Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում: Անշուշտ, սա չի նշանակում, որ Քուշները անխուսափելիորեն հրաժեշտ կտա իր պաշտոնին, հատկապես, որ Թրամփը հրապարակել է իր անվերապահ աջակցության մասին: Բայց եւ այնպես, նախագահի փեսան մտահոգվելու լուրջ տեղ ունի, քանզի այսուհետ նրա յուրաքանչյուր քայլը գտնվելու է մամուլի խիստ հայացքի ներքո, իսկ դեմոկրատները Թրամփի դեմ պայքարում կարող են օգտագործել նրան որպես թուլություն ցույց տված օղակի: Որքան էլ Թրամփն ու նրա թիմը ձեւացնեն, թե մամուլի կարծիքը իրենց չի հետաքրքրում, հասարակական կարծիքի հետ հաշվի չնստել չեն կարող, որն էլ, ի դեպ, որոշակիորեն ձեւավորվում է հենց լրատվականների ինտոնացիայով: ԱՄՆ-ն Հայաստանը չէ, որտեղ ամենաաղմկալի հանցագործությունն իսկ գործնական հետեւանք չի ունենում: Այդ երկրում նույնիսկ մի անմեղ պատահականությունն է ամենավերին էշելոնների չինովնիկների պաշտոնանկությունն արժենում, էլ չասած՝ պետական անվտանգությանը սպառնացող վտանգների մասին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՓՈՍԱԼՑՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Հունիսի 18-ին ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում տեղի է ունենալու համայնքի ղեկավարի ընտրություն: Գյուղապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երեքն են` ՀՀԿ-ական Գեւորգ Ավագյանը, անկուսակցական Պատվական Թադեւոսյանը եւ դաշնակցական Գյուտ Ղազարյանը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սաղմոսավանի գյուղապետի ընտրությունները արտահերթ են, քանի որ անցած տարվա սեպտեմբերին այս պաշտոնին վերընտրվել էր Ներսես Ավագյանը, ով որոշ ժամանակ անց հանկարծամահ է եղել: Ի դեպ, առաջադրված թեկնածուների թվում է նաեւ նրա որդին` Գեւորգ Ավագյանը: Առաջիկա ընտրությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նրա հետ:
-Պարո՛ն Ավագյան, համոզո՞ւմ եք բնակիչներին, որ Ձեզ ընտրեն:
-Համոզելու ընդհանրապես բան չկա: Բնակիչներն իրենք կորոշեն, ում արժանի կգտնեն, նրան էլ կընտրեն:
-Տնետուն ե՞ք մտնում, համագյուղացիների հետ ե՞ք հանդիպում…
-Ես տնետուն մտնելու կարիք էլ չունեմ: Քանի որ իմ հայրը դեռեւս 1999 թվականից գյուղի համար գործեր է արել: Գյուղի մի փոքր երեխուց բռնած մինչեւ մեծը անգիր գիտի, թե մենք ով ենք:
-Ձեր մրցակիցներից մեկը դաշնակցական է, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր պայքարը նրա հետ:
-Շատ լավ ենք իրար ճանաչում: Գյուղը փոքր է, բոլորս իրար գիտենք:
-Լարվա՞ծ են հարաբերությունները…
-Մենք մեր կողմից ոչ մեկի հանդեպ թշնամանք չունենք:
-Մտադի՞ր եք շարունակել Ձեր հոր գործունեությունը:
-Այո՛, ծրագրեր ունեմ: Դրանք հորս ծրագրերն են, որոնք նա կիսատ է թողել. չհասցրեց իրականացնել հիվանդանոց ընկնելու պատճառով: Հիմնականում ճանապարհների փոսալցման աշխատանքներն էր, որոնք չհասցրեց կատարել: Ես եմ հիմա դրանք անում, կարիք չկա՝ գյուղապետ դառնամ: Ես արդեն սկսել եմ փոսալցումները:
-Ո՞ւմ միջոցներով եք իրականացնում փոսալցման աշխատանքները:
-Իհարկե, իմ միջոցներով: Ես գյուղապետարանի միջոցների հետ ինչ գործ ունեմ:
-Արդյո՞ք նախընտրական շրջանում թույլատրվում է նման ծառայություններ իրականացնել:
-Ասֆալտ չեմ անում, որ գյուղացիներին որպես կաշառք տամ: Դա ուղղակի իմ հոր ցանկությունն էր, որը չհասցրեց իրագործել: Ես դա անում եմ իմ հոր խղճի հանգստության համար:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ԿԱՐԿՈՒՏԻ ԾԵԾԱԾ ՏԵՂԸ
Մայիսի 26-ին՝ ժամը 19-ից մինչեւ 19-ն անց 20 րոպե, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի, Չորաթան, Նավուր, Վերին Կարմիրաղբյուր, Չինչին, Վերին Ծաղկավան գյուղերում, ինչպես նաեւ Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղում ուժեղ կարկուտ է տեղացել: Կարկտահարության մասին տեղեկատվությունը հաղորդվել է Տավուշի մարզպետարան, վնասի չափերը ճշտելու համար մարզպետարանում հանձնաժողով է կազմվել: Ժողովրդական խոսք կա՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանից տեղեկացանք, որ մայիսի 28-ին դարձյալ կարկուտ է տեղացել Բերդի տարածաշրջանի Պառավաքար, Վարագավան, Վերին Ծաղկավան, Վերին Կարմիրաղբյուր, Չորաթան, Չինարի, Արծվաբերդ, Նորաշեն, Մովսես, Չինչին, Նավուր, Իծաքար գյուղերում: Փաստորեն 3 օրվա ընթացքում Չինարի, Չորաթան, Նավուր, Վերին Կարմիրաղբյուր, Չինչին, Վերին Ծաղկավան գյուղերում 2 անգամ կարկտահարություն է եղել: Վարագավան համայնքի ղեկավար Արմեն Աբրահամյանը հայտնեց, որ մայիսի 28-ի կարկտահարությունը կես ժամ է տեւել, պատճառված վնասները մեծ են:
Բերդի տարածաշրջանի համայնքներում հակակարկտային կայաններ չկան, քանի որ այդ կայանները գործարկելու համար պահանջվող ռադիոլոկացիոն կայաններ չեն տեղադրվել: Իսկ ռադիոլոկացիոն կայաններ չտեղադրելու պատճառն էլ այն է, որ տարածաշրջանը շատ մոտ է Ադրբեջանին, եւ ռազմական առումով նպատակահարմար չէ նման կայաններ տեղադրելը: Վ. Սուքոյանն ասաց, որ առաջիկայում Բերդի տարածաշրջանում այլ եղանակով գործող հակակարկատային սարքավորումներ կտեղադրվեն: Նա հայտնեց, որ մայիսի 28-ի կարկտահարության պատճառած վնասների մասին տվյալները կճշտվեն մեկ շաբաթ անց, երբ պարզ կլինի, թե պտղատու, խաղողի այգիները, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերը ինչ չափով են տուժել բնական տարերքից: Համայնքներում գործող հանձնաժողովները կհաշվարկեն վնասի չափերը, դրանք կներկայացնեն Տավուշի մարզպետարան, որն էլ այդ տեղեկատվությունը կուղարկի տարածքային կառավարման եւ զարգացման, գյուղատնտեսության նախարարություններ:
Հավելենք, որ դեռեւս հրապարակված չէ ապրիլի լույսի 28-ի գիշերը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտի բնակավայրերում տեղի ունեցած ցրտահարության պատճառած վնասների չափերի վերաբերյալ տեղեկատվությունը: Ցրտահարության եւ կարկտահարությունների պատճառած վնասների մասին տվյալները կներկայացվեն կառավարություն, իսկ թե արդյոք կառավարությունը կփոխհատուցի՞ կամ կօժանդակի՞ տարերքից տուժած գյուղացիներին, որոնցից շատերը բանկերից եւ ֆինանսական կազմակերպություններից վերցրած վարկերի բեռի տակ են, պարզ կդառնա առաջիկայւմ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս