Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մեկնարկել է մոնիտորինգային այցերը Հայաստանում բժշկական կրթություն մատուցող այն բուհերը, որոնք դեռևս ինստիտուցիոնալ հավատարմագրում չեն անցել։ Նպատակն է ծանոթանալ տվյալ բուհերում իրականացվող որակի ապահովման գործընթացներին և անհրաժեշտության դեպքում աջակցել պատրաստվելու ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։
ՈԱԱԿ մասնագետներն առաջին այցն իրականացրեցին Հայկական բժշկական ինստիտուտ, որտեղ հանդիպում ունեցան ուսումնական հաստատության ռեկտոր Լևոն Ասատրյանի հետ։ Ռոկտորը տեղեկացրեց, որ Հայկական բժշկական ինստիտուտը պլանավորում է ընթացիկ տարվա վերջում դիմել ինստիտուցիոնալ հավատարմագրման։ Քննարկվեցին բժշկական կրթության կազմակերպման և կառավարման առանձնահատկությունները, բուհում առկա իրավիճակն ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման տասը չափանիշների։ Անդրադարձ կատարվեց նաև ծրագրային հավատարմագրման անհրաժեշտությանը բժշկական մասնագիտությունների համար։
ՈԱԱԿ մասնագետները հանդիպում-քննարկումներ ունեցան նաև բուհի պրոռեկտորների, որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի հետ, իրականացրեցին փաստաթղթերի ուսումնասիրություն։
Առաջիկայում ՈԱԱԿ-ը մոնիտորինգային այցեր կիրականացնի նաև Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան, Ավանդական բժշկության համալսարան, Երևանի «Հայբուսակ» համալսարան, Երևանի Մենեջմենթի համալսարան և այլն։
Նշենք, որ բժշկական կրթություն մատուցող բուհերից ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում ունի միայն Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։
ՈԱԱԿ