Մեկնարկել են «Երևանի ՋԷԿ»-ի նոր ենթակայանի կառուցման նախապատրաստման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել են «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի ՋԷԿ»-ի նոր ենթակայանի շինարարության նախապատրաստման աշխատանքները։

Ընկերության տեխնիկական տնօրեն Արկադի Գևորգյանի փոխանցմամբ, այս պահին ընթանում են ենթակայանի կառուցման շինհրապարակի կարգաբերման միջոցառումներ, կատարվում են հողային աշխատանքներ։
-Ծրագրի իրականացմամբ «Երևանի ՋԷԿ»-ը կունենա 220 կՎ նոր ենթակայան, ինչը պայմաններ կստեղծի կրճատելու սարքավորումների խափանումների հաճախականությունը, կբարձրացնի ենթակայանի աշխատանքի հուսալիությունն ու արդյունավետությունը, հնարավորություն կընձեռի նոր ջերմային էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան փոխանցել համակարգ,-հավաստիացրել է Արկադի Գևորգյանը։


Նոր ենթակայանի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018թ.։ Այն իրականացնում է AB SUBSTATIONS AND COBRA INSTALACIONES Y SERVICIOS S.A. (Շվեդիա/Իսպանիա) կոնսորցիումը։ Ենթակայանի կառուցման արժեքը կազմում է շուրջ 17 մլն եվրո։
Հիշեցնենք, որ «Երևանի ՋԷԿ»-ի գործող ենթակայանը շահագործման է հանձնվել 1963թ.։ Վերջինիս խափանման դեպքում կայանն անջատվում է ցանցից և անհրաժեշտություն է առաջանում գործարկել այլ՝ ավելի թանկ հզորություններ։ Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է «Երևանի ՋԷԿ»-ում արտադրվող էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը։ Հատկապես, որ այս կայանին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 20 տոկոսը:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս