Հարց քաղաքացիներից՝ մրգեր և բանջարեղեն արտահանելու համար ի՞նչ է անհրաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ ՀՀ տարածքից արտերկիր մրգեր ու բանջարեղեն արտահանելու համար:

Հովհաննես Դանիելյան (43 տարեկան, գործարար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների արտահանումն իրականացվում է ներկրող երկրի բուսասանիտարական պահանջներին համապատասխան եւ թույլատրվում է արտահանման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում, որը տրվում է յուրաքանչյուր տեսակի բեռի համար տեսուչի կողմից:

Արտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար բեռնատերը դրա մասին հայտ է ներկայացնում տեսչություն, որը հայտը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կատարում է բեռի ստուգում եւ տալիս արտահանման բուսասանիտարական հավաստագիր, իսկ բուսասանիտարական անձնագիր ներկայացնելու դեպքում բուսասանիտարական հավաստագիրը տրվում է անմիջապես:

Բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առարկաների արտահանման բուսասանիտարական հավաստագիրն ուժի մեջ է 14 օր՝ տրված օրվանից մինչեւ երկրի սահմաններից դուրս բերելը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ թարմ պտուղ-բանջարեղենի ախտոտումը և փչացումը կանխելու նպատակով, նախքան թարմ պտուղ-բանջարեղենի փոխադրումը, անհրաժեշտ է այն տեսակավորել ըստ պիտանելիության:

Ի դեպ չի թույլատրվում թարմ պտուղ-բանջարեղենը փոխադրել նախկինում վնասակար նյութերի փոխադրման համար օգտագործված տրանսպորտային միջոցներով:




Լրահոս