ՀԵՏՔԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության համակարգում դեռեւս որոշում չի կայացվել, թե ով պետք է փոխարինի ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արդեն նախկին պետ Հովիկ Թամամյանին: Դա մի պաշտոն է, որը «պատահական մարդու» չպետք է տրվի: Թամամյանին փոխարինողը պետք է լինի ե՛ւ պրոֆեսիոնալ, ե՛ւ յուրային:Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազության եւ հատուկ քննչական ծառայության կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրությունները, մեղմ ասած, կիսատ են: Ուժային այդ կառույցները միայն մեկ խնդիր էին իրենց առջեւ դրել. ապացուցել, որ «2010թ. մայիսի 12-ին Երեւանի Կոմիտասի պողոտայում Արսեն Ահարոնյանի, Պետրոս Գրիգորյանի եւ չպարզված անձանց հետ Խաչիկ Մկրտչյանի, Հայկ Սանդալջյանի, Արթուր Փոխարյանի ու Նարեկ Օհանջանյանի խուլիգանական գործողությունների ընթացքում նախ Խաչիկ Մկրտչյանի կողմից Արսեն Ահարոնյանին ու Պետրոս Գրիգորյանին հրազենային վնասվածքներ պատճառելու, այնուհետեւ Արսեն Ահարոնյանի կողմից հրազենի գործադրմամբ Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված ու ներկայումս Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում միտումնավոր կերպով խեղաթյուրվել են դեպքի փաստական հանգամանքները, որի արդյունքում Խաչիկ Մկրտչյանի սպանությունն իրականում կատարած, Երեւանի Նիկոլ Դումանի փողոցի 40-րդ տան բնակիչ Վռամ Սամվելի Բաղդասարյանն այդ գործով կանչվել է ընդամենը որպես վկա, դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից»:Վերջ, այսքանով դատախազությունն ու նրա փաստացի կցորդ ՀՔԾ-ն համարում են «արդարությունը վերականգնված»: Մինչդեռ կասկած են հարուցում բազմաթիվ հարցեր: Նախ` ինչո՞ւ ՀՔԾ-ն չի նշել կաշառակերության մասը, որի հետեւանքով ճաղերի հետեւում է գտնվում Նարեկ Օհանջանյանի հայրը` Արմեն Օհանջանյանը («Ժողովուրդ»-ն այդ մասին գրել էր մի քանի օր առաջ): Երկրորդ` կոնկրետ ի՞նչ արարքներ են գործել եւ ի՞նչ քայլերով էին խոչընդոտում քննության օբյեկտիվ ընթացքին Հովհաննես Թամամյանն ու Արաբկիրի ոստիկանապետ Վարազդատ Ադամյանը, որոնք դատախազի միջնորդագրով ազատվեցին զբաղեցրած պաշտոններից: Բացի այդ, ինչո՞ւ են խնայել մեղադրող դատախազին, որը չէր կարող տեղեկացված չլինել, թե ինչպես է երիտասարդների գլխին գործ սարքվում: Ուշադրությունից դուրս են մնացել նաեւ ՀՀ ոստիկանության քննչական վարչության աշխատակիցները, որոնք փաստացի տարել են ապօրինի քննություն: Իսկ գլխավոր հարցն, իհարկե, այն է, թե հանուն ում է արվել կեղծիքը: Այսինքն՝ ում խաթեր են Թամամյանը, Ադամյանը, գերազանցելով իրենց լիազորությունները, գործը շուռ տվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանի քրոջ` Կարինե Շահինյանի որդու` Արսեն Ահարոնյանի վրա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով սպանության իրական հեղինակը եղել է ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի թիկնապահ-մտերիմներից մեկը: Դեպքից անմիջապես հետո Լեւոն Սարգսյանը հանդիպել է Հովիկ Շահինյանի հետ եւ խնդրել նրան համոզել քրոջ որդուն, որը վիրավորված է եղել, իր վրա վերցնել սպանությունը: Պատգամավորը խոստացել է այդ ցանկալի խոստովանությունից հետո, որը հնարավոր կլիներ ձեւակերպել որպես ինքնապաշտպանություն,  ազատել Արսենին կալանավայրից: Սակայն ամեն ինչ հակառակ ընթացքն է ունեցել:Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Շահինյանները իրենց բոլոր հնարավոր կապերով` այդ թվում եւ պաշտոնական նամակներով, Սերժ Սարգսյանին են հասցրել ողջ ճշմարտությունը, վերջինս հրահանգել է իր մերձավոր ուժայիններին իրավիճակը պարզել եւ զեկուցել: Արդյունքում զեկուցվել է, որ Թամամյանը 150 հազար ԱՄՆ դոլար գումար է վերցրել գործը ճիշտ ուղուց շեղելու համար: Սերժ Սարգսյանն էլ հրահանգել է զբաղեցրած պաշտոնից անմիջապես ազատել Թամամին, սակայն մյուսների մասով հապաղում է վերականգնել արդարությունը. երիտասարդները շարունակում են մնալ կալանավայրում:«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց պատգամավոր Լեւոն Սարգսյանից պարզել այս ամենի մանրամասները, սակայն նա հեռախոսը չէր վերցնում: Նրա կողմնակիցները մեզ փորձեցին հավաստիացնել, թե պատմությունն այդպես չէ, մինչդեռ մյուս կողմում հակառակն են պնդում: Եւ քանի որ պաշտոնական աղբյուրները լռում են` հրաժարվելով պատասխանել այս առնչությամբ արված մեր հարցադրումներին, ուստի մնում է հավատալ «հաղթող կողմի» տեղեկություններին:Ի դեպ, Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետ նշանակված Արթուր Մեհրաբյանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի սանիկն է, որը Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց մի դատախազի որդու հանցանքները պարտակելու համար: Փաստորեն, նախկին պարտակողին ոստիկանությունը փոխարինեց ներկա  «գործ սարքողով»:ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս