Արցախում, այսօր հիդրոէներգետիկայի ոլորտում առկա է ակտիվ ներդրումային հոսք, եւ կառավարությունը նախատեսում է բնագավառի ամբողջ ներուժը յուրացնել առաջիկա տարիներին: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Արցախի կառավարության նիստի ժամանակ նշել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Հիդրոէներգետիկայում մեր թիրախային ծավալը տարեկան մոտ 700 մլն կիլովատ/ժամն է, ինչը ներկայումս արտադրվող ծավալի կրկնապատիկն է: Նոր ՀԷԿ-երի կառուցմանը զուգահեռ, այժմ ամբողջ համակարգը արդիականացնելու խնդիր ունենք, որը պահանջում է հսկայական միջոցներ: Մեր նպատակն է ունենալ ժամանակակից էներգահամակարգ՝ եւ՛ արտադրության, եւ՛ տեղափոխման, եւ՛ բաշխման առումով: Այդ ճանապարհին կարեւոր քայլ կդառնա «Արցախէներգո» ՓԲԸ-ի մասնավորեցումը, որի մրցույթի վերաբերյալ հայտարարությունը կհրապարակենք առաջիկա օրերին»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:
Գործադիր մարմինը հաստատել է էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան, ինչը հնարավորություն կստեղծի վերականգնել ապօրինի սպառման հետեւանքով կրած վնասները՝ նախագծով սահմանված բանաձեւի կիրառմամբ: