ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» թեմայով աշխատանքային հանդիպում: Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ անցկացված քննարկմանը մասնակցել են փորձագետներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության մշակած բանտային առողջապահության ոլորտին առնչվող մի շարք օրենսդրական նախագծեր:
Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ այս ոլորտում ՀՀ կառավարության դիրքորոշումը հետևյալն է. «Դատապարտյալը պետք է ստանա նույն որակյալ բուժօգնությունը, ինչը ստանում է ազատության մեջ գտնվող քաղաքացին»: Փոխնախարարն այս առնչությամբ տեղեկացրել է նաև, որ ԵԽ գործընկերների հետ համագործակցությամբ արդեն ձեռք են բերվել բժշկական նորագույն սարքավորումներ, որոնցով առաջիկա ամիսներին կհամալրվեն 11 քրեակատարողական հիմնարկների բուժմասերը, իսկ մոտ 800 քրեակատարողական ծառայողներ վերապատրաստվել են՝ բժշկական էթիկայի, բժշկական գաղտնիքի և այլ թեմաներով: Եզրափակելով խոսքը՝ Սուրեն Քրմոյանը հավելել է, որ ներկայում քրեակատարողական բուժօգնությունը Հայաստանում ինտեգրվում է քաղաքացիական բուժօգնության համակարգին:
Հանդիպման մասնակիցներին առավել մանրամասն բանտային առողջապահությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերը ներկայացնելիս՝ ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանն ընդգծել է, որ քրեակատարողական հիմնարկների բուժմասերը փուլային կարգով կանցնեն համապատասխան լիցենզավորման ընթացակարգ, ՔԿՀ-ներում բժշիկների մասնագիտական գործունեությունը դուրս կբերվի քրեակատարողական հիմնարկի անմիջական ենթակայությունից: Աշխատանքային հանդիպմանը ներկայացվել են նաև մի շարք այլ նորամուծություններ՝ ուղղված դատապարտյալների առողջության պահպանմանը, որին էլ հաջորդել է մասնակիցների հետ հարցուպատասխանը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն