Բարեկամավանում շաբաթը մեկ անգամ են ջուր ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարեկամավանը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահեռավոր, սահմանամերձ գյուղն է: Այն Նոյեմբերյան քաղաքից գտնվում է 33 կմ հեռավորության վրա: Բարեկամավանը սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի Քյամառլու, Ղայմախլու, Ալբայրամլու գյուղերին:

Հնամենի շենը գտնվում է սահմանի եզրին, այդ պատճառով բարեկամավանցիների սեփականաշնորհած հողերի զգալի մասը չի մշակվում, գյուղի արոտավայրերը գտնվում են ադրբեջանական զինուժի նշանառության տակ: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում նշված է, որ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ Բարեկամավանն ունի 484 բնակիչ, սակայն ներկայումս սահմանամերձ գյուղում փաստացի 180 մարդ է ապրում: Հայաստանի անկախանալուց հետո Բարեկամավանից մեծ արտագաղթ է եղել: 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 350 աշակերտ, այժմ 350 աշակերտական տեղով Բարեկամավանի միջնակարգ դպրոցի շենքում սովորում է 21 երեխա:
2016-2017 ուսումնական տարում գյուղի միջնակարգ դպրոցում առաջին դասարան չի եղել, նոր ուսումնական տարում եւս առաջին դասարան չի լինելու:

Բարեկամավանից մեծ է արտագաղթը, որի պատճառը ոչ միայն ադրբեջանական գնդակոծություններն են, այլ նաեւ կյանքի անտանելի պայմանները: Բարեկամավանի բնակիչները «Ժողովուրդ»-ին բողոքեցին, որ իրենք խմելու ջուր չեն ստանում, չնայած անցյալ տարի ԻՖԱԴ-ի ծրագրով Բարեկամավանում գործարկվել է խորքային հորերից սնուցվող խմելու ջրագիծ: Բարեկամավանի բնակիչներից մեկն ասաց, որ ինքը Երեւանից եկել է Բարեկամավան, որպեսզի իր ծեր մորը խնամի, սակայն գյուղում անգամ ջուր չկա: Բարեկամավանը 2016թ. սեպտեմբերի 18-ից, խոշորացվելուց հետո, Նոյեմբերյան համայնքի մաս է կազմում: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ խմելու ջրի խնդիրն առաջացել է այն պատճառով, որ ջրի հաշվիչներ տեղադրված չեն, գյուղացիները շաբաթը մեկ անգամ պոմպերի միջոցով առավոտից իրիկուն մատակարարված ջուրն օգտագործում են ոչ միայն խմելու, այլ նաեւ տնամերձ հողամասերը ոռոգելու նպատակով, ջուրը չի հերիքում: Բարեկամավանի շրջակայքում ջրի աղբյուրներ չկան, գյուղից վերեւ մի աղբյուր կա, որը միացված է գործող ջրագծին:

Բարեկամավանցիները մտահոգություն էին հայտնել, որ Բարեկամավանի տարածքում գտնվող աղբյուրներից մեկի մոտ խորքային հոր է փորվելու, որը կարող է հանգեցնել այդ աղբյուրի ցամաքելուն: Ջ. Միքայելյանի խոսքերով՝ խորհրդային տարիներին այդ աղբյուրի ջուրը մատակարարվել է գյուղի հասարակական բաղնիքին ու բավականացրել է, նման մտահոգության պատճառ չկա, այդ աղբյուրի կողքին հոր են փորելու, սակայն աղբյուրը չի ցամաքի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս