Հարց քաղաքացիներից՝ ի՞նչ է անհրաժեշտ որպես համասեփականատեր ամուսինների անունները նշելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամուսնության ընթացքում ամուսինները ձեռք են բերել անշարժ գույք, սակայն ամուսիններից մեկի անունը որպես համասեփականատեր գույքի ձեռքբերման փաստաթղթերում եւ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում չի նշվել: Խնդրում եմ ասեք՝ նման դեպքերում ի՞նչ պետք է անել, որպեսզի գրանցման վկայականում որպես համասեփականատեր նշվի նաեւ ամուսնու անունը:

Սաթենիկ Հովհաննիսյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում ամուսինների համատեղ դիմումի հիման վրա այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը: Համատեղ դիմումին կից պետք է ներկայացվի ամուսնության վկայականի բնօրինակը կամ սահմանված կարգով վավերացված պատճենը: Ամուսնության վկայականի բնօրինակը ներկայացնելու դեպքում դիմումն ընդունող աշխատակիցը այն պատճենահանում է եւ բնօրինակը վերադարձնում է դիմողներին:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անկախ այն հանգամանքից, թե ամուսիններից ում սեփականության իրավունքն է գրանցված ամուսնության ընթացքում նրանց ձեռքբերած գույքի նկատմամբ, այն համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով: Ի դեպ, ամուսինների համատեղ սեփականությունը, այնուամենայնիվ, չի համարվում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ստացել է նվեր կամ ժառանգություն:




Լրահոս