Հայաստանի զարգացման միակ ճանապարհը ժողովրդավարության կայացումն է. Լ. Մկրտչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելին և «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելին:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը կարևորել է հիմնադրամի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերը՝ շեշտելով, որ հիմնադրամի կողմից կարևորվող քաղաքացիական կրթությունը, որի հիմքում ընկած է ժողովրդավարության զարգացումը, առաջնահերթություն է Հայաստանի համար: Ընդծելով, որ քաղաքացիական կրթությունը Հայաստանի դպրոցական ծրագրերում ներառված է «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում, ԿԳ նախարարը կարևորել է հիմնադրամի աջակցությունը այս հարցում «Մենք համոզված ենք, որ Հայաստանի զարգացման միակ ճանապարհը ժողովրդավարության կայացումն է. սա մեզ համար պատմականորեն ձևավորված քաղաքական և քաղաքակրթական համոզմունք է»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ հավելելով, որ հայ ժողովուրդը պատմականորեն գտնվելով քաղաքակրթությունների հատման խաչմերուկում, լինելով մահմեդական երկրներով շրջապատված քրիստոնյա երկիր, հասկացել է, որ հանդուրժողականությունն այլընտրանք չունի: Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում եվրոպական կրթական մոդելի ներդրման ուղղությամբ կատարված բարեփոխումները՝ Լ. Մկրտչյանը շեշտել է, որ Հայաստանի կրթական պլատֆորմը բաց և ներառական է տարբեր կրթական ծրագրերի համար. «Մենք համոզված ենք, որ կրթությունը մեր քաղաքակրթական անկախությունն ամրապնդելու բացառիկ շանսն է»,- ընդգծել է ԿԳ նախարարը:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելն իր հերթին շեշտել է, որ իրենք Հայաստանը դիտարկում են տարածաշրջանի կարևոր գործընկեր և պատրաստ են աջակցել եվրոպական կրթական չափանիշների, քաղաքական և քաղաքացիական կրթության զարգացմանը նպաստող նախագծերի իրագործմանը:
Նշենք, որ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում ներկայացված է 2008 թվականից և իր գործունեությամբ նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացմանը: 2017թ. մարտի 10-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է ավագ դպրոցներում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկայի կատարելագործում: Ձևավորված համատեղ աշխատանքային խմբի կողմից հասարակագիտության առարկայի թեմաներին և չափորոշիչներին համապատասխանող ուսումնաօժանդակ ձեռնարկ է թողարկվելու, որը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվելուց հետո, կփորձարկվի մի քանի ավագ դպրոցներում և մեկ քոլեջում:




Լրահոս