Ով է «Ծիրան» սուպերմարկետի վրա զինված հարձակում իրականացնողը. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին` գիշերը, Նոր Նորքում գործող «Ծիրան» սուպերմարկետի վրա զինված հարձակում իրականացնող անձին, ըստ լուրերի, իրավապահները հայտնաբերել են: Եվ այսպես, ArmLur.am-ը հայտնել էր, որ հունիսի 26-ին՝ ժամը 03:00-ին, մեկ անձ դիմակավորված զենքով մուտք էր գործել սուպերմարկետ եւ մոտենալով դրամարկղին` պահանջել էր հանել այնտեղ գտնվող գումարը, սակայն սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել էին հանցագործությունը:

Նրանք վերցրել են ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել էր փախուստի: Ոստիկանությունից հայտնել էին, որ ձեռնարկվում են միջոցառումներ` անհայտ անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Եվ այսպես, ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել տեղի ունեցած զինված հարձակումից: Մասնավորապես այն, որ դիմակավորված անձը մինչ գումար պահանջելը լեզվակռվի է բռնվել անվտանգության աշխպատակիցների հետ, որից հետո, ըստ էության, վախեցնելու համար բռունցքով հարվածել է դրամարկղի մոտ գտնվող համակարգչին: Մեզ հայտնի դարձավ նաև, որ այդ պահին սուպերմարկետի աշխատակցուհին փախել է, որից հետո անվտանգության աշխատակիցներից մեկը արագ բռնել է ենթադրյալ հանցագործի ձեռքն ու սկսվել է քաշքշուկ, ինչի հետեւանքով անհայտ անձը կարողացել է դիմել փախուստի:

Ի դեպ, մեզ լուրեր հասան, որ սուպերմարկետի անվտանգության աշխատակիցներին հաջողվել է հանել անհայտ անձի դիմակը, որի դեմքն էլ, ամենայն հավանականության, սուպերմարկետի տեսախցիկներն արձանագրած կլինեն: Ըստ էության` տեսախցիկներն էլ օգնել են իրավապահներին արագ բացահայտել ենթադրյալ զինված հարձակում իրականացնողին: Մեզ քիչ առաջ տեղեկություններ հասան նաև, որ իրավապահները հայտնաբերել են այն անձին, որը, ըստ ամենայնի, հունիսի 26-ին իրականացրել է զինված հարձակումը սուպերմարկետի վրա:

Նշենք, որ խանութի աշխպատակիցներից շատերը նրան ճանաչել են որպես սուպերմարկետի մշտական հաճախորդ: Մեզ հայտնի դարձավ, որ նա Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ է:

Տեղեկացանք նաև, որ ենթադրյալ հանցագործը հայտնաբերվել է Վրաստանում:




Լրահոս