«ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՏԱՐԻ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-Ի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ:

-Պարո՛ն Սուքիասյան, հունիսի 23-ին կայանալու է «Հայէկոնոմբանկի» (ՀԷԲ) տարեկան ժողովը, որտեղ կամփոփվի Բանկի 2016թ. գործունեությունը: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը նախորդ տարվա վերաբերյալ:
-2016թ. շատ ուժ եւ եռանդ պահանջեց մեզանից, եւ գործադրված ջանքերն ապարդյուն չանցան: Ավելին՝ նախորդ տարին, կարծում եմ, ամենանշանակալիցներից մեկն էր ՀԷԲ-ի պատմության մեջ: Դատեք ինքներդ. Բանկն իրեն միացրեց ԲՏԱ բանկը, ապահովեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերի նորմատիվային կապիտալի համար սահմանված եւ 2017թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած 30 մլրդ ՀՀ դրամի պահանջը: Բանկի ընդհանուր կապիտալն աճեց 6 անգամ` ի հաշիվ բաժնետոմսերի թողարկման եւ ԲՏԱ Բանկի միացման: Ինչպես տեսնում եք՝ «Հայէկոնոմբանկի» համար 2016թ.-ը վստահաբար կարելի է որակել որպես ձեռքբերումների եւ վերելքի տարի:
-Նորմատիվային կապիտալի կտրուկ համալրման անհրաժեշտությունը դժվարություններ չառաջացրե՞ց:
-Ո՛չ, քանի որ պատրաստ էինք այդ համալրմանը եւ անշեղորեն իրագործում էինք մեր կողմից մշակված ռազմավարական ծրագիրը: Ասեմ ավելին՝ նույնիսկ կապիտալը համալրելու եւ ԲՏԱ բանկը ՀԷԲ-ին միավորելու դժվարին եւ պատասխանատու գործընթացին զուգահեռ՝ Բանկը 2016-ին զգալի աճ է գրանցել հաճախորդներին տրված վարկերի, հաճախորդներից ներգրավված ավանդների գծով, ինչը խոսում է հաճախորդների կողմից Բանկի նկատմամբ շարունակաբար աճող վստահության մասին:
Այս բոլոր նվաճումները ՀԷԲ-ի որդեգրած զարգացման ռազմավարության հետեւողական իրականացման արդյունք են, բաժնետերերի, խորհրդի, վարչության անդամների եւ Բանկի բոլոր աշխատակիցների արդյունավետ եւ ակտիվ գործունեության վկայությունը:
-Իսկ ինչպիսի՞ն է շուկան այսօր, եւ որ՞ն է ՀԷԲ-ի մրցակցային առավելությունը:
-Գաղտնիք չէ, որ Հայաստանի առեւտրային բանկերը այս ժամանակահատվածում հիմնականում իրացվելիության խնդիր չունեն: Միաժամանակ, շուկայում մրցակցությունը շատ է սրվել: Պայքար է գնում յուրաքանչյուր հաճախորդի համար: Արդյունքում առավելություն են ձեռք բերում այն բանկերը, որոնք ավելի մատչելի ռեսուրսներ ունեն եւ ավելի ճկուն են ներկայիս մրցակցության պայմաններում: Իհարկե, հաջողությունն ուղեկցելու է նրանց, ովքեր արժեւորում են հաճախորդի դերը. լավ բանկին լավ հաճախորդ է անհրաժեշտ, իսկ լավ հաճախորդին` լավ բանկ:
«Հայէկոնոմբանկի» հաջողությունները, կարծում եմ, պայմանավորված են մի շարք գործոններով: Մենք ավանդաբար առաջնորդվում ենք կորպորատիվ կառավարման հիմունքներով` խոշոր եւ փոքր բաժնետերերի իրավունքների հավասարությամբ եւ պաշտպանությամբ, գործունեության թափանցիկությամբ, շահագրգիռ անձանց մասնակցությամբ ընկերության կառավարմանը: Նման գործելաոճը մեծապես գրավում է օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողներին, որոնք ցանկանում են տեսնել, թե ինչպես են օգտագործվում իրենց ներդրումները: ՀԷԲ-ն իր հերթին միշտ ձգտում է համագործակցել օտարերկրյա ֆինանսական կառույցների հետ, քանզի նման համագործակցությունը թույլ է տալիս ժամանակին համընթաց շարժվել եւ աշխատանքում կիրառել նաեւ օտարերկրյա փորձն ու գիտելիքները:
-Կարողանալո՞ւ եք պահպանել Ձեր կողմից նշված շոշափելի աճի տեմպերը նաեւ այս տարի:
-Համոզված եմ, որ այո: Այսօր ՀԷԲ-ի նորմատիվային կապիտալն արդեն կազմում է մոտ 32 մլրդ ՀՀ դրամ: 2017թ. առաջին եռամսյակի շահույթը 154%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շահույթի ցուցանիշը: Գործող 48 մասնաճյուղերին առաջիկայում կավելանան եւս երկուսը:
Եվ, ըստ իս, ամենակարեւորը. ուրախությամբ պետք է նշեմ, որ 2016թ. արդյունքներով եւս պիտի շահաբաժին վճարենք: Ի վերջո, բանկային բիզնեսի կարեւորագույն նպատակներից է շահաբաժիններ վճարելը: Բաժնետերերն արժանի են, որ իրենց սպասելիքներն արդարացվեն: Արդեն 15 տարի է, ինչ շահաբաժինների վճարման հարցում ՀԷԲ-ի որդեգրած քաղաքականությունը բաժնետերերի համար կայուն եկամտի աղբյուր է հանդիսանում: Եվ, իհարկե, այս քաղաքականությունը մեծապես նպաստել է նրան, որ ներկայումս Բանկն ունի 3500 բաժնետեր:
-Բացի Սուքիասյանների ընտանիքից՝ ովքե՞ր են ներկայումս ՀԷԲ-ի բաժնետերերը:
-Այսօր Բանկն ունի փոքր մասնակցություն ունեցող բազմաթիվ բաժնետերեր: Վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած բաժնետոմսերի երկու տեղաբաշխումների արդյունքում այդ բաժնետերերի թիվն աճեց մոտ 2000-ով:
Ինչպես եւ նախկինում մենք` Սուքիասյան եղբայրներս, տնօրինում ենք Բանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: Շարունակում է պահպանել իր մասնակցությունը Բանկի կապիտալում «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը» (ՎԶԵԲ): Ներկայումս բանակցություններ են ընթանում մի քանի օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների հետ` ՀԷԲ-ում կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նպատակով:
-Պարո՛ն Սուքիասյան, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է անդրադառնում մոտիվացիան աշխատանքի որակի վրա, եւ ինչպիսի՞ մոտիվացիոն մեխանիզմներ են կիրառվում ՀԷԲ-ում:
-Աշխատողների մոտիվացիան մշտապես եղել է աշխատանքի շարժիչ ուժը, նպաստել աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, բիզնեսի զարգացմանը: Ընդհանրապես, աշխատողների մոտիվացիան պետք է հանդիսանա ցանկացած կազմակերպության կադրային քաղաքականության հիմնարար տարրերից մեկը: Ղեկավարը պարտավոր է արդար վերաբերմունք ցուցաբերել իր աշխատակիցների նկատմամբ, մոտիվացնել եւ դրանով իսկ ոգեշնչել նրանց:
Ըմբռնելով մոտիվացիայի դերը որպես հաջողակ բիզնեսի կայացման եւ պահպանման կարեւոր գործոն` ՀԷԲ-ը մշտապես կիրառում է աշխատակիցների եւ ղեկավարների տարբեր մոտիվացիոն մեխանիզմներ՝ ինչպես աշխատավարձերի վերանայման եւ պարգեւատրման, այնպես էլ կադրային առաջընթացի, գործուղումների, ուսման ֆինանսավորման եւ անգամ հանգստի կազմակերպմանն աջակցության տեսքով:
-Պարո՛ն Սուքիասյան, բանկիրները սնահավատ մարդկանց համբավ ունեն, քանի որ նրանք առնչվում են ֆինանսների հետ, իսկ փողը հատուկ ուշադրություն եւ զգուշավոր վերաբերմունք է պահանջում: Արդյո՞ք Դուք Ձեզ սնահավատ մարդ եք համարում:
-Ասել, թե ես սնահավատ եմ, թերեւս սխալ կլինի: Ինձ համար չկան հատուկ իմաստ պարունակող նշաններ, բայց չեմ էլ կարող հերքել, որ զգուշավոր եմ, ինչն էլ երեւի պայմանավորված է երկարամյա փորձով: Աշխատանքում առաջնորդվում եմ ունեցածս գիտելիքներով, փորձով, երբեմն էլ ինտուիցիայով:

Զրուցեց ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

 

 

 

ՉԻ՞ ԳՆԴԱԿՈԾՎԻ
«Արար» հիմնադրամի գործադիր տնօրեն, «Սահման» ՀԿ համահիմնադիր, լիբանանահայ, ՀՀ քաղաքացի Ջորջ Տաբակյանը Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի սահմանագոտում՝ ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ, «Խաղաղության այգի» է հիմնել: Տաբակյանի ֆինանսական միջոցներով, Բերքաբեր գյուղի բնակիչների ջանքերով տնկվել է արքայանարնջի (կորոլյոկ) 110 ծառ: Հաջորդ տարի այգու ծառերի թիվը կավելանա: Ընդհանուր առմամբ կտնկվի արաքայանարնջի 300 ծառ, որոնցից յուրաքանչյուրը կկրի այն մարդկանց անունները, ովքեր իրենց կյանքն ու գործը նվիրաբերել են հայ ժողովրդին, Հայաստանի անվտանգությանը: Այգին գտնվում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանի՝ Ջողազի ջրամբարի աջ ափին՝ ադրբեջանական հենակետերի դեմ-դիմաց: Շուտով «Խաղաղության այգում» կտեղադրվի ոռոգման կաթիլային համակարգ, որը դյուրին եւ ապահով կդարձնի այգու ոռոգումը: Ջ. Տաբակյանն ասաց, որ ադրբեջանական զինուժը «Խաղաղության այգու» վրա չի կրակել: Մի քանի տարի առաջ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Բերքաբերի գերեզմանատան վրա, վնասել շիրմաքարեր: Ադրբեջանցիները կխնայե՞ն «Խաղաղության այգին», ժամանակը ցույց կտա:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՄՈՐԸ ԿԱԽՎԱԾ Է ՏԵՍԵԼ
Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում երեկ կախվելու միջոցով կին է ինքնասպան եղել: ArmLur.am-ի հետ զրույցում Նոր Արմավիրի գյուղապետ Արթուր Ավետիսյանը հայտնեց, որ ինքնասպան եղած կինն ուներ երկու մանկահասակ երեխա` տղա եւ աղջիկ: «Տղան չորս տարեկան է, աղջիկը` 11 ամսական: Ամուսինը զինվորական է` պայմանագրային զինծառայող: Ամուսինը տանը չի եղել, ծառայության մեջ էր: Մորը հայտնաբերել է չորս տարեկան երեխան, երբ կրթարանից եկել է տուն, դարպասը փակ է եղել, բացել, տեսել է այդպես»,- նշեց նա: Գյուղապետը ավելացրեց, թե շատ նորմալ ընտանիք է: «Խելոք, լավ, երիտասարդ ընտանիք: Ո՛չ սկեսուր կա, ո՛չ սկեսրայր. իրենք երկուսով իրար հետ են ապրել, վեց տարի է` ամուսնացած են: Նույնիսկ աղջկա հայրն է զարմացած` ինչու պետք է նման բան լինի»,- հավելեց նա:

 

 
ԳՅՈՒՂԻ ՏԵՂԸ ՉԳԻՏԵՆ
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում (http://www.president.am/) հունիսի 6-ին տեղադրված, այժմ էլ այդ կայքում առկա «Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզի Բերդի եւ Իջեւանի տարածաշրջաններ» տեղեկատվական նյութի մեջ գրված է. «Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում նախագահն այցելել է Ենոքավան համայնքում գտնվող «Ապագա ռեզորթ» եւ «Յելլ էքստրիմ պարկ» ընկերություններ»: Այդ հաղորդագրության մեջ նախագահ բառը մեծատառով է գրված, սակայն նյութի մեջ սխալ կա: Ենոքավանը ոչ թե Բերդի տարածաշրջանի, այլ Իջեւանի տարածաշրջանի գյուղ է, այն գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքից 11 կմ հեռավորությամբ:
Գյուղը 1920թ. մայիսյան ապստամբության ակտիվ մասնակից, տեղացի Ենոք Մկրտումյանի անունով 1931թ. կոչվել է Ենոքավան: Ենոքավանում գործող «Յելլ էքստրիմ պարկում» նախատեսվում է կառուցել աշխարհի ամենաերկար «Զիփլայնը»: Վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս ներդրում է կատարել դրա կառուցման գործում՝ ասելով. «Համոզված եմ, որ շուտով այս կարեւոր նախաձեռնությունը իրականություն է դառնալու: Այսօր իմ ընտանիքի անունից ես ձեռք բերեցի աշխարհի ամենաերկար «Զիփլայնի» տոմսեր՝ այսպիսով ունենալով ներդրում ծրագրի իրականացման գործում: Վարչապետը գիտի Ենոքավան գյուղի տեղը, ՀՀ նախագահի աշխատակազմում՝ ոչ»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս