ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՁԵՎԱԿԱՆ Է ԱՇԽԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են այցը տարածաշրջան: Հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռիչարդ Հոգլանդն ու Ստեֆան Վիսկոնտին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպում են ունեցել Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի, իսկ երեկ այցի շրջանակներում հանդիպել են նաեւ Արցախի Հանրապետության ղեկավար կազմի հետ:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ Հայաստան-Արբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի եւ հնարավոր զարգացումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է միջազգայնագետ, անվտանգության եւ պաշտպանության ոլորտների փորձագետ, ազգությամբ ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկի հետ:
-Պարո՛ն Տրոֆիմչուկ,այս օրերին տարածաշրջանային այց են կատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սա կարո՞ղ ենք համարել հերթական այց, թե՞ Ղարաբաղյան հարցում փոփոխություններ կարող են գրանցվել:
-Արդեն լավ է, որ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են ու զբաղվում են իրենց հիմնական գործով: Սակայն լավ չէ, որ շատ դեպքերում դա արվում է ֆորմալ, ձեւական եւ ոչ այնքան արագ, որքան մենք կցանկանայինք, եւ որը պահանջում են իրավիճակն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները: Ինձ թվում է, որ նրանք աշխատում են այնպիսի ռեժիմով, ինչպես 1990-ականների կեսերին եւ 2000-ի սկզբներին, այսինքն` նրանք հաշվի չեն առնում իրողությունը: Օրինակ՝ այն հանգամանքը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում` սկսած 2014 թվականի օգոստոսից, սահմանում չորս անգամ գերլարված իրավիճակ տիրեց: Պարզ է, որ այս ամենից Մինսկի խմբի համանախագահները պետք է հետեւություններ անեն, քանի որ իրավիճակը շարքայիններից չէ: Մյուս կողմից՝ ինֆորմացիա եկավ այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են, որ պետք է միջազգային յոթ դիտորդ ավելանա սահմանին: Իսկ ես կցանկանայի այսպես արձագանքել. այնպիսի տպավորություն է, որ կոնֆլիկտի տարածքը միկրոշրջան է: Սակայն ապրիլյան պատերազմից եւ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից հետո պետք է լինի ոչ թե 7, այլ ամենաքիչը` 700 դիտորդ` ձեռք ձեռքի բռնած, որպեսզի հետեւեն իրավիճակին:
-Այսինքն` Մինսկի խմբի համանախագահների այցերն անարդյունավե՞տ եք համարում:
– Ցավոք սրտի, նրանք ձեւական են աշխատում, եւ դա այն պարզ պատճառով, որ նրանք իրենց համար հանգիստ ապրում են, նրանց բարեկամներին չեն սպանում: Ցավոք սրտի, այն չի բերելու խնդրի կարգավորման:
-Իսկ ի՞նչ սպասել առաջիկայում: Կոնֆլիկտը դեռ որքա՞ն երկար կարող է շարունակվել:
-Կոնֆլիկտը կշարունակի զարգանալ: Ինչու եմ ես այսպես տրամադրված, որովհետեւ իրավիճակը զարգանում է 2014 թվականից հետո, երբ իրադարձությունները փոխվեցին նաեւ միջազգային մակարդակով: Եվ արդեն այդ ամենի համատեքստում պատերազմը հավանական է, եւ մենք ոչինչ չենք անում` դա կանգնեցնելու համար: Այդ պատճառով էլ գեոքաղաքական ֆոնը բարենպաստ չէ, որպեսզի խոսենք կոնֆլիկտի դադարեցման մասին: Ղարաբաղյան կոնֆլիկտը չի սառեցվի, մենք հիմա էլ ենք տեսնում, որ տարբեր փորձագետներ նշում են, որ առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի դրական զարգացում չենք կարող սպասել: Միեւնույն ժամանակ մենք գիտենք նաեւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, երբ նա ասաց, որ չկա այլ որոշում, բացի նրանից, որ իրավիճակը պետք է զարգանա բանակցային գործընթացների շրջանակներում: Լսելով նման հայտարարություններ՝ Ադրբեջանը կարող է մտածել, որ իրավիճակը վերադառնում է 1994-ի դիրքերին: Պետք չէ դրական հետեւություններ անել Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում:
-Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե ստատուս-քվոյի փոփոխություն է անհրաժեշտ: Օրեր առաջ նման հայտարարություն եղավ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Առաջիկայում կարո՞ղ ենք սպասել նման զարգացումների:
-Ստատուս-քվոն փաստացի 2016 թվականի ապրիլին արդեն փոփոխվել է: Ստատուս-քվոն այն իրավիճակն էր, որում գտնվում էինք 1994 թվականից սկսած: Սակայն 2016 թվականի ապրիլի 5-ից ստատուս-քվոն արդեն փոփոխվել է, քանի որ սահմանային փոփոխություններ են եղել: Հետեւաբար իրավիճակը սրացված է, եւ ասել, որ ստատուս-քվոն պահպանվում է, սխալ է: Հարցն այժմ այլ է. արդյո՞ք հնարավոր է նոր տարածքային փոփոխություններ: Ադրբեջանն ուղիղ եւ հստակ ասում է, որ ստատուս քվո չկա:
-Իսկ առաջիկայում ի՞նչ կարող ենք սպասել: Լայնամասշտաբ պատերազմի հավանականություն առկա՞ է:
-Պատերազմը հիմա միշտ հնարավոր է, պրովակացիաները եւս հնարավոր են, եւ հենց դրանք են բերում պատերազմի: Ադրբեջանը հիմա պատրաստ է նոր ծրագրեր մտածել` ղարաբաղյան հակամարտության գործընթացների առումով: Թուրքիան է ակտիվացել եւ ցանկանում է այդ գործընթացների մասին կազմել: Հստակ կարելի է ասել, որ տարածաշրջանը գտնվում է պայթունավտանգ իրավիճակում, եւ պատերազմի հավանականությունը պետք չէ բացառել:

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵՂԱԴՐԵՑ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին անուղղակի մեղադրեց կոռուպցիոներ լինելու մեջ: Երբ վարչապետը երեկ մասնակցում էր վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը, լրագրողները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարապետյանը քաղաքապետ է եղել, հետաքրքրվեցին` հնարավո՞ր է այդ պաշտոնը զբաղեցնելով՝ այդքան մեծ հարստություն կուտակել, որքան ունի երիտասարդ քաղաքապետը: Կարեն Կարապետյանն էլ պատասխանեց, թե պաշտոնով ոչ, սակայն այլ ճանապարհներով` այո: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը Տարոն Մարգարյանին մեղադրեց այլ ճանապարհներով հարստանալու մեջ:

Իհարկե, սա առաջին անգամը չէ, երբ Կարեն Կարապետյանը խոսում է Հայաստանի իշխանության կոռումպացված լինելու մասին: Նմանատիպ մեղադրանքով նա հանդես էր եկել նաեւ նշանակման հենց առաջին օրերին, երբ կառավարության նիստի ժամանակ խոսել էր «պրիմիտիվ գողության» մասին: Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր անգամ նման կարեւոր հայտարարություն անելուց հետո, երբ անդրադարձ է կատարվում այդ թեմային, նա հետեւողականորեն խուսափում է պատասխանից եւ լղոզում նախկինում ասված խոսքերը:
Ավելի ուշ նման դեպք եղավ արդեն բանակին մատակարարված անորակ դիզվառելիքի մասին հայտարարություններից հետո: Նա արդեն Ազգային ժողովի ամբիոնից մեղադրանքներ հնչեցրեց, սակայն դրանք եւս մնացին անհետեւանք ինչպես նմանատիպ այլ հայտարարությունները: Թերեւս Տարոն Մարգարյանին ուղղված մեղադրանքները եւս նա որոշ ժամանակ անց կվերափոխի` հայտարարելով, թե դա նկատի չի ունեցել: Բայց մինչ այդ փաստենք, որ ինչ կերպ էլ նայես, Կարապետյանը Տարոն Մարգարյանին մեղադրել է ապօրինության մեջ. ստացվում է` կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիոներ է, կա՛մ էլ պետական աշխատանքը համատեղում է այլ աշխատանքի հետ, որը ՀՀ օրենսդրությամբ արգելված է:
Երեկ Կարեն Կարապետյանը խոսեց նաեւ իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Սարգսյանի հետ ունի «շատ լավ, աշխատանքային, գործնական, հարգալից հարաբերություններ»: Հետաքրքիր է, որ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի լարված հարաբերությունների մասին խոսվում էր դեռ վաղուց: «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում գրել էր այդ մասին` նաեւ նշելով, թե Կարեն Կարապետյանը նույնիսկ երկու անգամ ցանկացել է հրաժարական տալ: Եվ այսքան ժամանակ վարչապետն ըստ էության ոչ մի ձեւ չէր մեկնաբանում տեղեկությունները եւ խոսեց այդ մասին միայն Սերժ Սարգսյանից հետո: Վերջինս օրեր առաջ այդ թեմային անդրադարձել էր Տավուշում` լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքերից հետո միայն Կարեն Կարապետյանը խոսելու «դաբրո» ստացավ:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ՇՈՒՆՉՆԵՐԸ ՊԱՀԱԾ
ՀՀ արդարադատության նախարարի փոփոխությունը թանկ է նստելու քրեակատարողական հիմնարկի մի շարք ղեկավարների վրա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում ՔԿՀ պետերի շրջանում. նոր նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է ազատվել հատկապես կոռումպացված, վատ աշխատող կադրերից: Իսկ որ ՔԿՀ-ներում կոռուպցիան աներեւակայելի չափերի է, հայտնի է ամենքին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին մի շարք ՔԿՀ ղեկավարներ գտնվում են արձակուրդում, եւ վերջիններիս ասել են, որ արձակուրդից վերադառնալուց հետո լուրջ փոփոխություններ են սպասվում, իսկ թե ում ինչ ճակատագիր է բաժին ընկնելու, դեռեւս պարզ չէ: Մեզ հայտնի դարձավ, որ որոշ ՔԿՀ ղեկավարներ արդեն հարամված են համարում արձակուրդը եւ սպասում են իրենց հետագա ճակատագրին:

 

 

ՆԵՂԱՑՈՂՆԵՐԻՑ ՉԷ
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանն ընտրություններից առաջ նշել էր, թե պաշտոն կստանա գործադիրում, սակայն մինչ այժմ նրա նշանակման մասին որեւէ տեղեկություն չկա: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հենց նախկին պատգամավորից ճշտել, թե, ի վերջո, ինչով է զբաղվելու ապագայում: Նախ նա նշեց, թե այժմ հանգստանում է: «Եթե ինչ-որ փոփոխություն լինի, կիմանաք անպայման, թաքուն չենք պահելու: Առաջարկների հետ կապված հո չպետք է բարձրաձայնենք, ամեն ինչ իր ժամանակին», – նշեց նա: Սահակյանը չցանկացավ նաեւ իր նոր աշխատանքի առումով ժամկետներ նշել, սակայն վստահ նշեց, թե նոր աշխատանքի անպայման անցնելու է: Հարցին` նեղացա՞ծ չեք կուսակցությունից, որ Ձեզ գործընթացներից դուրս թողեցին, նա նշեց. «Խի տղամարդը նեղանո՞ւմ է: Նեղացողի տպավորությո՞ւն եմ թողել: Ոչ նեղացած չեմ, մեր թիմի հետ եմ»:

 

 

ԹԱՆԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Երեւանի կենդանաբանական այգին այս տարեսկզբին պայմանագիր է կնքել «Լեգիոն Ե.Ս.Է.» ընկերության հետ եւ ձեռք բերել անվտանգության ծառայության աշխատանքներ: Ըստ այդմ` Երեւանի քաղաքապետարանը 23 մլն 90 հազար դրամ հատկացրել է ընկերությանը` այգում արտակարգ իրավիճակների կանխման, կենդանիների անվտանգության ապահովման համար եւ այլն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այգու անվտանգության ծառայության աշխատանքների ձեռքբերման համար հայտարարված մրցույթին մասնակցել է մի քանի ընկերություն` «Պահապան», «Սիլլեր», «Լեգիոն Ե.Ս.Է», «Ար Մոբիլ» եւ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը: Ու թեեւ «Պահապան»-ը եւ «Սիլլեր»-ը համեմատաբար ցածր գին են առաջարկել, բայց այգու ղեկավարությունը պայմանագիրը կնքել է թանկ գին առաջարկած «Լեգիոն Ե.Ս.Է.»-ի հետ՝ համաձայնելով վճարել 23.9 մլն դրամ: Մինչդեռ «Պահապան»-ը առաջարկել է 21 մլն 888 հազար դրամ, «Սիլլեր»-ը` 22 մլն 188 հազար դրամ, «Ար Մոբիլ»-ը` 28 մլն 200 հազար դրամ, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը` 36 մլն դրամ:




Լրահոս