Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդն այսօր առավոտյան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ է արել. այս մասին հաղորդում է «Ակօսը»։
Որոշումն ընդունվել է ձայների 22 կողմ, 2 դեմ քվեարկությամբ։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ստամբուլում տեղի էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը, ուր հաղթանակ էր տարել Գարեգին Բեկչյանը։ Սակայն ընտրություններում պարտված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը դրանից անմիջապես հետո հայտարարել էր, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից, քանի որ Ստամբուլի նահանգապետարանից գրություն էր ստացվել, ուր նշված էր, որ իրավաբանորեն անհնար է համարվում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը:
Նշենք, որ կոմայի մեջ գտնվող Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրվել էր ոչ թե հայ համայնքի, այլ պետության կողմից։