Աթեշյանը պաշտոնանկ է արվել, սակայն կշարունակի մնալ հոգևորական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի լիազորությունները որպես պատրիարքական փոխանորդ, տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը: Այս մասին որոշումը կայացվել է 22 կողմ եւ երկու դեմ ձայներով:
Այսինքն Պոլսո Հայոց Պատրիարքարանի եկեղեցական խորհուրդի որոշմամբ դադարեցվել է Աթեշյանի պաշտոնավարումը, քանի որ մեծ մասը կողմ է եղել դադարեցմանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Պատրիարքական տեղապահի որոշմամբ Աթեշյանը շարունակելու է մնալ հոգեւորական, ով կիրականացնի իր հոգեւոր ծառայությունը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին, հոգեւորականության քվեարկության արդյունքում Պոլսո պատրիարքի տեղապահ էր ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, պոլսահայ Գարեգին արք. Բեկչյանը։ Նա ձայների ընդհանուր թվով առաջ էր անցել պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք․ Աթեշյանից: Իսկ տեղապահի ընտրություններից հետո Արամ արք․ Աթեշյանը պետք է հրաժարական տար։ Սակայն մինչ օրս նա պաշտոնապես հրաժարական չի տվել: Մինչդեռ մայիսի 24-ին Աթեշյանը հայտարարել էր պատրիարքական փոխանորդի պաշտոնից հեռանալու մտադրության մասին: Եւ չնայած սրան՝ Բեքչյանի եւ Աթեշյանի միջեւ հունիսի 24­-ին տեղի ունեցած հանդիպմանը Աթեշյանը հայտարարել էր, թե չի մտածում փոխանորդի պաշտոնից հրաժարական տալու մասին: Եւ մինչ այսօրվա եկեղեցական խորհուրդի նիստը, Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը իր լիազորությունները չէր փոխանցում պատրիարքի նորընտիր տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:

Տեղեկացնենք, որ պատրիարք ընտրելուց առաջ նախ պետք է տեղապահ ընտրել: Քանի որ հենց տեղապահն է ստանձնում պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացը։ Տեղապահի ընտրությունից հետո նախատեսվում է վեց ամսվա ընթացքում կատարել նաեւ պատրիարքի ընտրությունը, որի գահը թափուր է 2008 թվականից։ Նշենք, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008 թվականից եւ փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
Վերջին շրջանում Աթեշյանի գործունեությունը դժգոհություններ առաջացրեց, քանի որ վերջինս Թուրիքիայում չէր պաշտպանում հայ համայնքի շահերը եւ չէր պահպանում հայկական ավանդույթները:

Նա ավելի հայտնի դարձավ, երբ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից հետո նամակ ուղղեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում նա մասնավորապես նշել էր. «Ձերդ գերազանցություն, հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից: Բանաձեւի ընդունումը հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել»:

Իսկ ահա ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ Աթեշյանն ավելի դաժան պատիժների է արժանի: «Քանի որ բիզնեսն ու եկեղեցին անհմատեղելի են եւ նա կատարում է թուրքական իշխանությունների պատվերը: Բայց շատ հետաքրքրիր էր, որ նույնիսկ թուրքական իշխանությունները սկսեցին հրաժարվել իրենից, որովհետեւ նման արջի ծառայություն եւ վատություն ինչպես Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ լպրծուն նամակ գրելը չէր բխում թուրքական իշխանությունների շահերից: Ինքը բազմիցս ասել է, որ եկեղեցիներ պետք չեն»,- ArmLur.am-ի հետ զրույցում վրդովված հիշեց Ախոյանը: Ապա՝ զրույցի ավարտին, սրբազան Բեկչյանին մաղթեց բարի եւ արգասաբեր աշխատանք:




Լրահոս