ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական դումայի վավերացմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին տեղեկացնում է ՌԴ պետդումայի լրատվական ծառայությունը: 2016թ-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը սահմանում է Միացյալ զորախմբի ձևավորման և կիրառման կարգը: Կարգավորվում են նաև նյութատեխնիկական ապահովմանն ու տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերը:
«Զորախումբը ձևավորվում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում՝ նպատակ ունենալով ժամանակին հայտնաբերել ռազմական հարձակման նախապատրաստությունը, իրականացնել ընդհանուր ցամաքային սահմանի վերահսկողությունը, ինչպես նաև մասնակցելու հակաօդային, ռադիոէլեկտրոնային և տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանը», ասված է Պետական դումայի տարածած հաղորդագրության մեջ: Միացյալ զորախմբի կազմը սահմանելու են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունները՝ հիմնվելով ռազմաքաղաքական իրավիճակի համատեղ վերլուծության, հնարավոր սպառնալիքների ուղղությունների հաշվի առնելու և զորախմբի կիրառման հարցում համաձայնության վրա: Համաձայնագիրը ստորագրված է հինգ տարով՝ նույն ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: