ԵՐԵՎԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ. ԱՐՄՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգիչ Արմոն պատմել է իր գործունեության, առաջիկա ծրագրերի, նոր երգի մասին. «Հիասթափված չեմ, ուղղակի մի փոքր դադար էր պետք՝ որոշ բաներ հասկանալու համար, որովհետեւ ժամանակի ընթացքում, երբ մարդ հայտնվում է տարբեր իրավիճակների մեջ կամ տեսնում է իրավիճակներ, որոնք իր կյանքից չեն, դրանց հիման վրա ծնվում է գաղափար, միտք, երաժշտություն»:

-Արմո՛, նախկինում ավելի ակտիվ գործունեություն էիք ծավալում: Ի՞նչն է ներկայիս պասիվության պատճառը: Ինչ-որ բանից հիասթափվա՞ծ եք:
-Հիասթափված չեմ, ուղղակի մի փոքր դադար էր պետք՝ որոշ բաներ հասկանալու համար, որովհետեւ ժամանակի ընթացքում, երբ մարդ հայտնվում է տարբեր իրավիճակների մեջ կամ տեսնում է իրավիճակներ, որոնք իր կյանքից չի, դրանց հիման վրա ծնվում է գաղափար, միտք, երաժշտություն: Եթե չգիտես ինչ անել, ավելի լավ է ոչինչ չանել: Պետք չէ պլան դնել, որ ես պետք է պարտադիր տարին մեկ-երկու տեսահոլովակ նկարահանեմ: Ամեն ինչ պետք է բնական լինի: Չեմ կարող ընկնել ստեղ-ընդեղ ասել, վա՜յ, մի հատ երգ տվեք, երգեմ, կամ արդեն ուշ է, ինձ մոռացան: Նշեմ, որ վերջերս նկարահանեցինք նոր տեսահոլովակ «Հայոց մայրեր» երգի հիման վրա, որը, կարծում եմ, որոշ մարդկանց համար մխիթարող, քաջալերող, ուժ տվող երգ կլինի:
-Նշեցիք, որ հասկանալու բաներ կան, օրինա՞կ…
-Օրինակ՝ թե ինչ վիճակում է գտնվում մեր երաժշտական դաշտը, մի տեսակ ամեն բան խառնվել է իրար: Հեռուստաէկրան են լցվել ինչ-որ տարօրինակ տեսահոլովակներ, որոնք ինձ համար անընդունելի են: Մենք մեր ձեռքով վնասում ենք մեր երեխաներին, հետո նրանցից դաստիարակություն ենք պահանջում, հետո էլ մեծանալուց հետո սկսում ենք վրաները լացել: Իմ կարծիքով, ինտերնետը, հեռուստատեսությունը սնուցման աղբյուր են, որից երիտասարդներն ամենաշատն են օգտվում:
-Ինչո՞վ եք զբաղված այս պահին: Ստեղծագործական ի՞նչ փուլ է Ձեզ մոտ: Կրկին 6/8 ժանրո՞ւմ եք շարունակելու:
-6/8 հասկացողությունն էլ պետք է իր մեջ ասելիք, իմաստ ունենա: Իմ կարծիքով, կապ չունի, թե ինչ ռիթմի մեջ է: Անկապ բառեր գրելով չի, դա ինձ համար նորմալ չի: Տասը հատ նույն բառը կրկնելով չի, էլի՛:
-Ի՞նչ է պետք բեմի մարդուն, որ Ձեր կարծիքով Հայաստանում արտիստների մոտ բացակայում է:
-Միայն սեր… այնպես չէ, որ պետք է մի հատ կնոպկա սեղմես, որ սերը լինի:
-Ձեր «Ուշ է հիմա» տեսահոլովակում, որը շատ մեծ հաջողութուն բերեց Ձեզ եւ սիրվեց հանդիատեսի կողմից, էպիզոդիկ դերով հանդես է գալիս նաեւ Ձեր կինը: Դո՞ւք էիք որոշել, որ նա հանդես գա, թե՞ իր ցանկությունն էր դա:
-Ինքնըստինքյան ստացվեց, ի սկզբանե չէինք էլ մտածել դրա մասին, բայց քանի որ երգը բնական էր, իմ մասին էր, եւ տվյալ պարագայում սպասողն ինքն էր, այդ պահին էլ այդտեղ որոշվեց, որ պետք է նկարահանվի:
-Այնուհետեւ այս տեսահոլովակին հաջորդեց «Իմ աղջիկ» երգի տեսահոլովակը, որը նույնպես սիրվեց ժողովրդի կողմից: Կա՞ որեւէ կապ այդ երկու տեսահոլովակների մեջ:
-Այդ տիպի մի երգ ունեի ու մտածում էի մի երգ էլ հոր եւ աղջկա մասին պատրաստել: Մոր ու աղջկա հարաբերությունն ուրիշ է, բայց հոր ու աղջկա հարաբերությունները լրիվ ուրիշ են: Կարող է՝ աղջիկն այդքան մոր հետ չկիսվի, ինչքան հոր հետ: Այդ զգացողությունը կար, ու ուզում էի այնպիսի մի բան ցույց տալ, թե հայրն ինչպես է արտահայտվում իր աղջկա մասին: Չէինք պլանավորել տեսահոլովակ նկարահանել, այդ իսկ պատճառով ներկայացվեց ինչ-որ համերգային տարբերակով:
-Արմո՛, այսօր մեր իրականության մեջ շատ արդիական է, որ երգիչը կամ երգչուհին խաղում են ինչ-որ մի սիթքոմում կամ, առհասարակ, ֆիլմերում: Դուք երբեւէ որեւէ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստացե՞լ եք:
-Առաջարկ ստացել եմ մի ճանաչված սերիալում նկարահանվելու, չեմ ուզում անունն ասել: Չեմ ուզում ինչ-որ մեկին նեղացրած լինեմ, բայց երեւալու կարիք չունեմ: Կարիք չկա, որ ամեն օր եթերում լինեմ, բացի դա՝ իմ պազիցիան չի: Մարդիկ գնում են, տարիներով սովորում են թատերական ինստիտուտում, որպեսզի դերասան դառնան, իսկ երգիչն էլ սովորում է կոնսերվատորիայում, հիմա ամեն ինչ մեր ազգում խառնվել է իրար: Իրականում չես հասկանում՝ ով ով է, ինչ է ուզում: Ես մերժել եմ, մերժում եմ ու կմերժեմ, պարզապես դա իմը չէ:
-Նշեք երեք գործոն, որոնք կարեւոր են երգչի համար:
-Առաջինը՝ սերը բոլորի նկատմամբ, ոչ թե միայն հանդիսատեսի: Երկրորդը՝ համեստությունը եւ ամեն բանի մեջ չափվածությունը: Դրանք բաներ են, որոնք պակասում են մեր կյանքում:
-Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք այս կյանքում:
-Կարծում եմ, որ մարդու հաջողությունն իրենից չէ, այլ դա ի վերուստ է տրվում:
-Կա՞ ինչ-որ մեկը, ում հետ հաշվի եք նստում:
-Միայն Աստված, ով ինձ ստեղծել է:
-Ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Ոգեշնչվում եմ իրավիճակով, բնական երեւույթով, որը քեզ մոտ առաջացնում է միտք, գաղափար:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ




Լրահոս