«ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴ» ԽՄԲԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իրավապահ համակարգի կողմից շարունակվում են բացահայտումներ, թե ինչպես է համերգներ տալու պատրվակով կազմակերպվում մի շարք քաղաքացիների տեղափոխումը Եվրոպա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործընթացը անձամբ կազմակերպել են հայտնի պարի խմբի ղեկավարները:

«Ա. Շաբոյան» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Շաբոյանը տեղեկացել է, որ Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա եւ Մոնտե-Կառլո քաղաքներում տեղի է ունենալու պարի միջազգային փառատոն: Եւ որպեսզի նա կարողանա իր խմբի անդամներին եւս այդ փառատոնին մասնակցելու հնարավորություն ստեղծի, հանդիպել է Շիրակի մարզի «Վահրամաբերդ» համայնքում գործող պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արա Մելիքսեթյանի հետ, առաջարկել երկու պարի խմբերը միացնել իրար եւ գնալ Ֆրանսիայում կազմակերպվելիք փառատոնին մասնակցելու: «Վահրամաբերդ» համայնքում գործող պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արա Մելիքսեթյանը համաձայնել է:
Այսպիսով՝ «Ա. Շաբոյան» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Շաբոյանը, ունենալով ներքին պայմանավորվածություն, սկսել է Եվրոպա մեկնել ցանկացողների հավաքագրման գործընթաց: Այնուհետեւ անհրաժեշտ է լինում Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա եւ Մոնտե-Կառլո քաղաքներում կայանալիք փառատոնի կազմակերպիչների մասնակցության հաստատումը: Արմեն Շաբոյանն այդ գործընթացը եւս «հորով-մորով է արել», նա ստացել է Եվրոպայի համաձայնությունը:
Այսպիսով՝ «Ա. Շաբոյան» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Շաբոյանը, հընթացս կլորիկ գումար աշխատելով, «Վահրամաբերդ» պարի խմբի ցուցակում է ընդգրկում 9 տարբեր քաղաքացիների, որոնք ըստ էության պարի խմբի անվան տակ կարողանում են արտագաղթել Հայաստանից: 9 տարբեր քաղաքացիների ընդգրկելով «Վահրամաբերդ» պարի խմբի ցուցակում՝ նրանցից պահանջել եւ ստացել է 2.280 եվրո գումար:
Այս արարքի համար «Ա. Շաբոյան» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Շաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով` անօրինական միգրացիայի կազմակերպումը, որը կատարվել է՝ երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
Նկատենք, որ պարի խմբի ղեկավարների կողմից արտագաղթին խթանելու գործընթացի առաջին դեպքը չէ, որ բացահայտվում է: 2017 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել եւս մեկ աղմկահարույց քրեական գործ, որտեղ «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանը, մի խումբ քաղաքացիների հետ համաձայնության գալով, պատրաստել էր Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի անդամ «Հայաստան» ժողովրդական երգի եւ պարի ստուդիայի» ուսման թվով 34 կեղծ վկայականներ: Այդ փաստաթղթերի հիման վրա խմբով մտել էին դեսպանատուն, որպեսզի մեկնեն ԱՄՆ, սակայն գործարքը չի ստացվել. նրանք «բռնվել էին»:
Այսպիսով ստեղծվել է մի իրավիճակ, որ արտագաղթը խթանելու գործընթացին են լծվել նաեւ պարի խմբի ղեկավարները, որոնց համար գլխավորն այն է, որ փող աշխատեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՕՐԱԳԻՐՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
2016 թվականի ապրիլի 25-ին Երեւանի Հալաբյան փողոցում 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի դեպքով նոր քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեն այժմ էլ փորձում է պարզել՝ որտեղից է պայթյունի ենթադրյալ մեղավոր Ռուբեն Բալյանը ձեռք բերել պայթուցիկ սարքերը:
Հիշեցնենք՝ նշված օրը պայթյունի հետեւանքով ուղեւորներից երկուսը, այդ թվում՝ Ռուբեն Բալյանը, մահացան, 7-ը ծանր վիրավորվեց: Ավելի ուշ քրեական գործ հարուցվեց, սակայն Բալյանի մահվան հիմքով վարույթը կարճվեց:
Միաժամանակ նախաքննության ընթացքում բացահայտվեց այլ հանցագործության դեպք, ուստի հարուցվեց այլ քրեական գործ՝ Ռուբեն Բալյանին ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ, որի շրջանակներում քննությունը շարունակվում է, եւ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ օպերատիվ-հետախուզական միջոցներ ձեռնարկել ռազմամթերքի ձեռք բերման աղբյուրը բացահայտելու ուղղությամբ:
Նույն հիմքով կկարճվի՞ արդյոք այս քրեական գործը եւս, դեռ վաղ է ասել: Սակայն ինչպես հայտնի է՝ Ռուբեն Բալյանի ձեռքում ինքնաշեն պայթուցիկ է եղել, իսկ ռազմամթերքը նա ինքնուրույն էր պատրաստում:
Խնդիրն այն է, որ մինչ օրս հայտնի չէ կատարվածի իրական դրդապատճառը: Մինչ իրավապահները պնդում են, որ Ռուբեն Բալյանը պատրաստվում էր կենցաղային հողի վրա վնասել հարազատներին, որոշ վկաներ հակառակն են պնդում: Մասնավորապես վստահեցնում են, թե Բալյանի թիրախը եղել է փաստաբան Արսեն Մկրտչյանը, ով նրանից գումար է շորթել՝ խոստանալով Գերմանիա ուղարկել: Հենց փաստաբանի սուտ խոստումների հետեւանքով էլ գինովցած գիտնականը, պայթուցիկը ձեռքին, հասարակական տրանսպորտ է նստել:
Ինչեւէ, մինչ իրավապահները քննություն են իրականացնում, Ռուբեն Բալյանի մայրը՝ Կլարա Ոսկանյանը, «Ժողովուրդ» օրաթերթին նոր հանգամանքներ ներկայացրեց: Այսպես՝ մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այս օրերին փնտրում են որդու օրագիրը, որն առեղծվածային կերպով անհետացել է: Կ. Ոսկանյանի փոխանցմամբ՝ որդին օրագրում կարեւոր նշումներ է արել, որոնց միջոցով հնարավոր կլինի շատ հարցերի պատասխաններ տալ: «Այդ օրագրի մասին նրա բոլոր մտերիմներն ու հարազատները գիտեին: Ձորաղբյուրի մեր առանձնատանն ենք փնտրել, սակայն ապարդյուն»,- ներկայացրեց մեղադրյալի մայրը: Նա հայտնեց նաեւ, որ քրեական գործի վարույթը կարճելու որոշումը բողոքարկել են վճռաբեկ դատարան:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Ադրբեջանական սադրանքի հետեւանքով հունիսի 16-ին վիրավորում ստացած եւ «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» տեղափոխված զինվորի վիճակը միջին ծանրության է: Զինվորի երկու աչքն էլ վնասվել է: Նրա աչքն արդեն վիրահատվել է, երկարատեւ բուժում է սպասվում: Իսկ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող մյուս զինվորը կայուն ծանր վիճակում է:

 

 

 

ԳԻԺ Է ՁԵՎԱՆՈՒՄ
Երեւանի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց ՔԿՀ-ներում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 48 դրվագով` կալանավայրում պատիժը կրելու ընթացքում հեռախոսով քաղաքացիներից տարբեր իրեր հափշտակելու մեջ. զանգահարելով list.am կայքում այս կամ այն ապրանք վաճառելու մասին հայտարարություն տեղադրած անձանց՝ պատրաստակամություն է հայտնել գնել իրերը եւ փողը փոխանցել բանկային հաշվին: Այնուհետեւ ազատության մեջ գտնվող իր հանցակիցների հետ նա հափշտակել է այդ իրերը: Երեկվա դատական նիստը կարճ տեւեց. դատավոր Արթուր Մկրտչյանը Ս. Դանիելյանին ու նրա հանցակից Ռազմիկ Արզունյանին հարցրեց, թե արդյո՞ք ցանկանում են արագացված դատաքննություն, եւ կես ժամ ժամանակ տվեց` պաշտպանների հետ խորհրդակցելու համար: Ընդմիջումից հետո, սակայն, ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց առաջադրված մեղադրանքի դրվագները շատ են, եւ չեն հասցրել ընդհանուր հայտարարի գալ, որից հետո դատական նիստն ընդմիջվեց: Մինչեւ ընդմիջումը հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Դանիելյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին: Փաստաբանը նշեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ից ստացվել է գրություն, որ Ս. Դանիելյանը դյուրագրգիռ է, սանգվինիկ, հետեւաբար պետք է նրան փորձաքննության ենթարկել: Միջնորդության քննարկումը, սակայն, հետաձգվեց:

 

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Շրջանառության է դրվել հաշմանդամի սայլակները հավաստագրերի հիման վրա տրամադրելու նախագիծը, ինչը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ: Համաձայն նախագծի՝ եթե անձը նախընտրում է ձեռք բերել սայլակ, որն ավելի թանկ արժի, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա նա իր միջոցներից կարող է փոխհատուցել գների միջեւ եղած տարբերությունը: Եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ, քան հավաստագրի գնային արժեքն է, նախագծով առաջարկվում է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ, որոնք օգտագործվում են սայլակի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ անձի հարմարավետությունն ապահովելու համար:

 

 

ՀԱՋՈՂՎԵԼ Է
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Ներկայացվել է հարկային եւ մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի միջոցառումների ծրագիրը: «Մեզ հաջողվել է իրականացնել դեռեւս 6-7 ամիս առաջ ներկայացված եւ ձեր հավանությանն արժանացած բարեփոխումների առաջին փուլը: Իսկ երկրորդ փուլով առաջարկվող միջոցառումներից երեքն արդեն կատարվել են»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:

 

 

ԱՌԵՎՏՈՒՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԵՏ
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է Նախիջեւանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին: Զեյբեքչին հայտնել է, որ նախարարության մի խումբ աշխատակիցներ արդեն տեղակայվել են Նախիջեւանում: Նա տեղեկացրել է, որ ազատ առեւտրի գոտու ստեղծման շնորհիվ Նախիջեւանի հետ հնարավոր կլինի առեւտուր իրականացնել այնպես, ինչպես արվում է Էրզրումի, Արդվինի կամ Թուրքիայի մյուս քաղաքների հետ: Ի դեպ, առեւտուրն իրականացվելու է թուրքական լիրայով:




Լրահոս