ՏՈՒԼԱՅԻ ՎԹԱՐԻ ԳՈՐԾԸ ԿՔՆՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել են նաեւ ՀՀ քաղաքացիներ: ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարում է, որ այս դեպքում ուղեւորափոխադրումը ոչ կանոնավոր է իրականացվել:

Հիշեցնենք, որ բախվել էին «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան եւ երթուղային միկրոավտոբուսը, որում եղել է 20 ուղեւոր: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության` վիրավորներից 6֊ը տեղափոխվել է Ստուպինո, 3-ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց: Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն եւ դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ի դեպ, տեղեկացնենք, որ Տուլայում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վթարի ենթարկված միկրոավտոբուսը պատկանել է «Քոչար տուր» ՍՊԸ-ին: Ընկերությունը հիմնադրվել է հունիսի 12-ին: Այսինքն՝ տեղի ունեցած դեպքից վեց օր առաջ: Իսկ ո՞րն էր վթարի պատճառը, այս մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի տեսչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, «Քոչար տուր»-ի տնօրինության հետ հանդիպե՞լ կամ խոսե՞լ եք տեղի ունեցածի հետ կապված:
-Ես խոսել եմ ընկերության տնօրենի հետ, ով վստահեցրեց, որ փոխադրումը իրենք չեն կատարել, այլ իրենց պատկանող ավտոմեքենան ժամանակավոր օգտագործման տվել են մեկ այլ անձի: Վերջինիս կողմից էլ իրականացվել է փոխադրումը: Ընկերության տնօրեն Արամ Քոչարյանը վստահեցրեց նաեւ, որ փոխադրման հետ կապված նախնական գործողությունները, այդ թվում եւ ուղեւորների հավաքագրումը, իրենց ընկերությունը չի իրականացրել: Ընդամենը ընկերությունը իրեն պատկանող տրանսպորտային միջոցը տվել է մեկ այլ անձի: Վարձակալության վերաբերյալ պայմանագիր կա, թե ոչ, այս պահին դժվար է ասել: Քանի որ ընկերության տնօրենը վարձակալության վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումներ դեռ նախարարությանը չի ներկայացրել: Հնարավոր է, որ բանավոր պայմանավորվածություն է եղել նրանց միջեւ:
-Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու մասով նախարարությունը ի՞նչ վերահսկողութուն ունի: Ձեր գերատեսչությունը իրավասո՞ւ է արգելել ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները:
-Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները իրականացվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Դրանք փոխադրողի եւ պատվիրատուի միջեւ կնքված պայմանագրային հարաբերություններն են, եւ այդտեղ նախարարությունը առանձնապես մեծ դերակատարում չունի: Իհարկե, դաշտում բավականին լուրջ աշխատանք է տարվել, նման փոխադրումները հիմնականում բացառվել են, բայց տեսեք, որ որոշ չափով կան ոչ կանոնավոր փոխադրողներ: Մենք հորդորում ենք մեր քաղաքացիներին, որպեսզի չգնան նման ուղղություններով, այլ փոխադրվեն միայն կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների միջոցով:
-Նախարարությունն ուսումնասիրություններ չի՞ իրականացնում՝ գտնելու համար ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնողներին…
-Նախարարությունը պարբերաբար իրականացնում է վերահսկողական միջոցառումներ, բայց այդտեղ նույնպես խնդիր կա. նախարարությունը սահմանային անցակետերում մշտապես դիտարկումներ իրականացնելու լիազորություն չունի: Դա հիմնական խնդիրն է: Միգուցե դա է պատճառը, որ այն պարբերականությունը, որը որ մենք իրականացնում ենք, բավարար չէ: Հաշվի առնելով վերջին դեպքերը՝ պետական եկամուտների կոմիտեի հետ մենք պատրաստվում ենք համատեղ միջոցառումներ իրականացնել, որպեսզի հնարավոր լինի առանց մշտական ներկայացուցիչ ունենալու սահմանային անցակետերում արդյունավետ վերահսկողություն իրականացնել:
-Այս դեպքում «Քոչար տուր»-ի ընկերության նկատմամբ պատիժ կիրառվելո՞ւ է, թե՞ ոչ:
-Մենք ամբողջովին գործը կքննենք, համապատասխան վարույթ կհարուցվի, եւ վարույթի շրջանակներում պարզ կդառնա, թե այդ ընկերությունը կամ փոխադրողը ինչ չափով է խախտումներ ունեցել: Համապատասխան որոշումներ կկայացվեն, որի վերաբերյալ մենք պարբերաբար կիրազեկենք:
-Ի վերջո, ի՞նչն է եղել վթարի պատճառը:
-Ես որքանով տեղյակ եմ, ճանապարհային երթեւեկության խախտում է եղել: Ամեն դեպքում գործը քննության ընթացքում է: Այն քննվում է ռուսական կողմից:
-Հայկական կողմը գործի քննությանը որեւէ մասնակցություն ունենալո՞ւ է, թե՞ ոչ:
-Դա ռուսական կողմում է եղել, կարող է՝ որոշ չափով մեզ տեղյակ պահեն գործի քննության ընթացքից, բայց զուտ քննությունը իրականացնում է ռուսական կողմը: Դա ավելի շատ ՌԴ-ի ճանապարհային երթեւեկության անվտանգության պայմանների պահանջներն են:
-Իսկ միկրոավտոբուսի վարորդի կամ հարազատների հետ կապ հաստատե՞լ եք:
-Նման տեղեկություն դեռեւս չունենք մենք, որովհետեւ դա այդքան էլ մեր տիրույթում չէ: Այսինքն՝ փոխադրումը կանոնավոր չի եղել, որն էլ մենք ենք կարգավորում կանոնակարգում:
Հ.Գ. Իրավիճակը ցույց է տալիս, որ նախարարության վերահսկողությունը այս դեպքում թույլ է: Իսկ նախարար Վահան Մարտիրոսյանը, անտեսելով ոլորտային հիմնական խնդիրները, զբաղված է միայն տեղեկատվական տեխնոլոգիաներով: Նա դեռ իր էությամբ մնացել է «Ռոստելեկոմի» աշխատակից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

«ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ»-Ի ՏՆՕՐԵՆԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ
Միքայել Եզեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ տնօրեն՝ խախտել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի՝ 2015թ. հունիսի 18-ի թիվ 595-Ն հրամանով սահմանված հրդեհային անվտանգության կանոնների 2-րդ գլխի 5-րդ կետի 1-ին ենթակետը, համաձայն որի՝ օբյեկտների ղեկավարները կամ նրանց կողմից լիազորված անձինք պարտավոր են անցկացնել աշխատակիցների հրդեհային անվտանգության հրահանգավորում: Բացի այդ՝ Մ. Եզեկյանը մեղադրվում է նաեւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի նույն հրամանի 3-րդ գլխի 17-րդ կետը խախտելու մեջ, որի համաձայն՝ արգելվում է աղբի ոչնչացման համար նախատեսված տեղերում այրումն առանց հսկողության թողնելը, այսինքն՝ կրակը պետք է հսկել մինչեւ դրա վերջնական մարելը:
2015թ. հոկտեմբերից «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ում որպես օպերատոր-մեքենավար աշխատող, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Արծվաբերդ գյուղի բնակչուհի, 1990թ. ծնված Լիանա Զարգարյանը, չանցնելով հրդեհատեխնիկական հրահանգավորում, ինքնակամ, շանը փրկելու նպատակով մտել է գործարանի տարածքում թափոնների այրման եղանակով ոչնչացման համար նախատեսված փոսը, ստացել ջերմային այրվածքներ եւ առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ: Մ. Եզեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 232 հոդվածի 1-ին մասով («Հրդեհային անվտանգության կանոնները խախտելն այն անձի կողմից, ում վրա է եղել դրանց պահպանման պարտականությունը, եթե մարդու առողջությանն անզգուշաբար պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մ. Եզեկյանի նկատմամբ դատավարությունը հունիսի 22-ին կսկսվի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում: «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015թ. փետրվարին, Ռուսաստանում բնակվող, ծնունդով Արծվաբերդ գյուղից գործարար Սուրեն Երիցյանի կողմից: Այդ ընկերությունը Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան, Մովսես, Արծվաբերդ գյուղերում եւ Բերդ քաղաքում աշխատանքային ձեռնոցներ արտադրող արտադրամասեր է հիմնել, որտեղ թողարկված ձեռնոցները սպառվում են Ռուսաստանում:
Այդ գործունեության համար Սուրեն Երիցյանը Սերժ Սարգսյանի կողմից 2017թ. պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս