Դատախազությունն ընթացք տվեց «Սասնա ծռերի» անդամների հաղորդումներին. ՀՔԾ-ն կուսումնասիրի դրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու վերաբերյալ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով 2017 թվականի հունիսի 28-ին տեղի ունեցած դատական նիստից հետո ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատարի կողմից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ դատական նիստերի դահլիճում ոստիկանները կանխել են ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի կողմից Սմբատ Բարսեղյանին արգելված առարկա փոխանցելու փորձը, որից հետո Արեգ Կյուրեղյանը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ոտքի է կանգնել, փորձել է տեղից դուրս գալ, ինչին հաջորդել է Սմբատ Բարսեղյանի և Մխիթար Ավետիսյանի հակաիրավական վարքագիծը: Նշված անձանց ապօրինի գործողությունները խափանելու, անվտանգությունն ապահովելու նպատակով, վերջիններս դուրս են բերվել դատական նիստերի դահլիճից և տեղավորվել հատկացված խցերում, որի ընթացքում նրանց կողմից ցույց տրված դիմադրությամբ պայմանավորված կիրառվել են հարկադրանքի միջոցներ:

Համաձայն նշված զեկուցագրի՝ դատարանի կողմից դատական նիստերի դահլիճից հեռացված և իրենց հատկացված խցերում գտնվող ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանը և Գագիկ Եղիազարյանը, արձագանքելով ոստիկանների նշված իրավաչափ գործողություններին, սկսել են ոտքերով և ձեռքերով հարվածել խցերի դռներին:

Նույն օրը ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Սմբատ Բարսեղյանի և Արեգ Կյուրեղյանի բժշկական զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը և Մխիթար Ավետիսյանը հայտարարել են, որ վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարչական շենքում:

Սմբատ Բարսեղյանը և Արայիկ Կյուրեղյանը հրաժարվել են տեղեկություններ հայտնել վնասվածքները ստանալու հանգամանքների վերաբերյալ:

Նկարագրված դեպքին առնչվող նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ պատշաճ քննությամբ նշված հանգամանքներն ստուգելու և իրավական գնահատականի արժանացնելու հանձնարարությամբ:




Լրահոս