Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող վայրում լողալն արգելվում է, թեեւ այս ամենին ոչ բոլորն են ուշադրություն դարձնում: Վանաձոր քաղաքի այգիների ու հանգստի գոտիների սակավության պայմաններում քաղաքի նշված վայրը ժամանցի համար թերևս նվազագույն, բայց նաև բավարար պայմաններ ունի, սակայն լճում լողալը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ, որի մասին տարիներ շարունակ ահազանգում են մասնագետները:
ArmLur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մասնագետներն ամեն տարի ջրից պարբերաբար նմուշառումներ են վերցնում ու հայտարարում, որ լողալը լճում արգելվում է: Այս մասին նաև վկայող ցուցանակներ են փակցված լճի մի քանի կողմում՝ «Լճի տարածքում լողալն արգելվում է» գրությամբ, մինչդեռ մասնագետների կոչին ոչ բոլորն են հետևում:
Վանաձոր արհեստական լիճը ստեղծվել է 1964թ-ին, խորությունը հասնում է 4,6 մետրի: Ստեղծման օրվանից լճում գրանցվել է շուրջ 15 մահվան դեպք, որոնցից մեծ մասը` գիշերային ժամերին լողալու եւ ինքնասպանություն գործելու հետեւանքով:
Լճում նաև լողորդներ են աշխատում, ովքեր անհրաժեշտության դեպքում օգնության են հասնում խեղդվող կամ վտանգի մեջ հայտնված հանգստացողներին:
Ամեն դեպքում, որքան էլ մասնագետներն արգելեն՝ Վանաձորի արհեստական լճեր կոչվող տարածքը քաղաքի ամենագեղեցիկ վայրերից մեկն է, ու համապատասխան կառույցները լավ կանեին քայլեր ձեռնարկեին լճի տարածքը առավել քան բարեկարգ դարձնելու և լճի ջուրը մաքուր պահելու ուղղությամբ, չէ՞ որ ՀՀ 3-րդ քաղաքում որպես այլընտրանք` որևէ գեղեցիկ ու հաճելի զբոսանքի վայր չկա:
Էդվարդ Արզումանյան
Լոռի