«Այսօր ԱԺ-ում քննարկվում էր Սեւանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջրառ իրականացնելու օրենքի նախագիծը: Նախագծի հարակից զեկուցող, բնապահպանության նախկին նախարար, Ջրային պետական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին հիշեցրեցի, որ Շորժա գյուղից դեպի Արտանիշ արգելոցը տանող ճանապարհին, լճի ափին շատ մոտ, 2009 թվականից կառուցված է մի առանձնատուն, որը գյուղացիների վկայությամբ, պատկանում է իրեն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
«Բետոնե հիմքի վրա կառուցված շինությունը գտնվում է 1901 մետր բացարձակ նիշի վրա մինչդեռ 1903 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ` ջրի տակ անցնելու համար, երբ լճի ջրի մակարդակը կբարձրանա: Այս կառուցապատումը ժամանակին օրենքի կոպիտ խախտում էր, իսկ հիմա պարզ է, որ Սեւանա լճի ջրառի վերաբերյալ հարակից զեկուցողի կողմից ներկայացված նույնիսկ ամենավստահելի տվյալները եւ հիմնավորումները չեն կարող որեւէ հավատ ներշնչել: Այն ժամանակ, ոչ մի կերպ չխոստովանեց, որ իրենն է, թեեւ ապացուցված էր (տես ներքեւի հղումը): Բայց այսօր ասաց, որ ընդամենը թեթեւ կոնստրուկցիաներով շինություն է, որը կարելի է տեղափոխել: Դե, կարեւորը վերջապես խոստովանեց, իսկ թե ինչքանով է կոնստրուկցիան թեթեւ, տեսե՛ք լուսանկարներում:
հ.գ. շահերի բախման հրաշալի օրինակ: Ու քվեարկեց: Կողմ»,- գրել է Լենա Նազարյանը: