ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ԲԱԶԱԶԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի առաջ, ՀՀ քաղաքացիների ու պատգամավորների ծեծից հետո իշխանությունները մի անիմաստ շոու էին կազմակերպել: Այդ նպատակով Պետրոսի մոտ էր հրավիրվել Բազազը` Ռոբերտ Մելքոնյանը, որ ներկայացներ ծեծի իր վարկածը: Ըստ այդմ` կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի  ագրեսիվ տրամադրված քառասուն-հիսուն հոգին, ենթարկվելով որոշ քաղաքական ուժերի հրահրումներին ու «ժառանգության» պատգամավորների սադրանքներին, սկսել են շատ ագրեսիվ տրամադրվել ու վիրավորական արտահայտություններով խանգարել կառավարության բնականոն աշխատանքը, որն այդ պահին պետությանը վերաբերող  լուրջ հարցեր էր քննարկում: Իսկ պատգամավորներն էլ, ըստ Բազազի, ցույց են տվել պատգամավորին ոչ վայել պահվածք: Բազազի այդ հուզիչ բացատրությունը հետեւեց մինչ այդ «առանց մեկնաբանության» խորագրի ներքո ցուցադրված կադրերին, որտեղ մի տատիկ պատմում էր, որ իրեն ոչ մի ոստիկան չի խփել: Իսկ Զարուհի Փոստանջյանն էլ ՆԳՆ տեսախցիկի առաջ հատուկ լեզու էր  հանում  ու ասում «բլը-բլը-բլը»: «Բա դա չորս-հինգ աղջիկներ ունեցող կնոջ պահվա՞ծք է»,- հարցրեց ստուդիայում համեստ դեմքով,  գլխարկը ձեռքում պահած Բազազը, որը ռեժիմի դեմ պայքարողներին երեք տարի շարունակ ճնշելու գործում  այնքան էր թրծվել, որ երեկ «Կենտրոն» հեռուստաալիքով անգամ քաղաքական հայտարարություններ էր անում: Այն է` «Զարուհի  Փոստանջյանը ռեյտինգ է ուզում, նա արդեն ցայտնոտի մեջ է»: Իսկ «անկողմնակալ» Պետոն էլ ամփոփեց` «երկու կողմն էլ մարտունակ էին տրամադրված»: Բայց Պետրոսը Պետրոս չէր լինի, եթե Ռոբերտ Մելքոնյանին չասեր` «բա մարդիկ միտինգի են եկել», այսինքն` միտինգին փլավ չեն բաժանում: Ռոբերտ Մելքոնյանն այստեղ լրիվ դերի մեջ մտավ` պատմելով, որ այն իրավիճակում, երբ իրեն հայհոյում են, ոստիկանը կարող է քաշքշել  կամ ձեռք բարձրացնել, որ հանկարծ իրեն չխփեն: Թե չէ «նվազ» ոստիկանները կարող է չդիմանային պատգամավորների հուժկու հարվածներին: ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս