ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐԴ ՆՍՏԵՑՆՈՂ ՄԱՐՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 23-ին կառավարությունն հավանություն տվեց դատախազների խրախուսման վերաբերյալ որոշման նախագծին, որով ՀՀ գլխավոր դատախազությանը կհատկացվի 150 միլիոն դրամ՝ դատախազներին խրախուսելու համար: Իսկ ինչո՞ւ պետք է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգեւատրի դատախազներին:

Ո՞ր արժանիքի համար
Ըստ դատախազության հիմնավորման` դատախազներին խրախուսում են ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, աշխատանքային հաջողությունների եւ այլ վաստակի համար: Նկատենք, որ նախագծի մեջ չի գաղտնազերծվել, թե կոնկրետ որ դատախազներն են պարգեւատրման արժանի եւ կոնկրետ ինչ հաջողություններ են արձանագրել, որ որոշվել է նրանց պարգեւի արժանացնել: Ի դեպ, նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե կոնկրետ որ դատախազներն են պարգեւատրվելու, որքան պարգեւատրում են ստանալու եւ կոնկրետ ինչ ծառայողական պարտականություններ են պատշաճ կատարել: Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից խոստացան հարցին պատասխանել սահմանված ժամկետում: Ու երեկ դեռ չէինք ստացել այդ պատասխանը։ Հուսանք, որ դատախազությունը կգաղտնազերծի, թե որ դատախազներն են պարգեւատրման արժանացել եւ կոնկրետ ինչ արժանիքի համար։
Իսկ մինչ այդ մենք փորձենք վերլուծել, թե ինչ աշխատանք են իրականացնում դատախազները, ու հատկապես որ արժանիքները կարող են գնահատվել բարձրագույն իշխանության կողմից։ Իսկ բարձրագույն իշխանությանը, ցավոք, Հայաստանում, նախեւառաջ հետաքրքրում են սեփական իշխանության անվտանգությունն ու երկարակեցությունը, հետո միայն մասնագետների պրոֆեսիոնալիզմի գնահատումը։
Ու այս համատեքստում դժվար չէ հասկանալ, թե կառավարության կողմից մեր աղքատիկ բյուջեից պարգեւատրման որ դատախազները կարժանանան։ Նրանք, որոնք կարողացել են Սերժ Սարգսյանի իշխանությանը ռեալ վտանգ ներկայացնող անձանց մեղադրանք առաջադրել եւ կալանքի տակ պահել:
Գրպանի «Իգլան»
Սկսենք վերջին դեպքից։ Արցախի հերոս Սամվել Բաբայանը խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մարտի 22-ին, մեկուսացվեց մի երկաթի կտորի մեղադրանքով, ինչը իրավապահների աչքերին «Իգլա» հրթիռ երեւաց, որով իբրեւ թե պետք է Բաբայանը ոչնչացներ Սերժ Սարգսյանին։ Սամվել Բաբայանը մեղադրվում է նաեւ փողերի լվացման համար: Նրա գործը վերահսկող դատախազը Արամ Արամյանն է, որը իրավաբանորեն հիմնավորեց, թե ինչպես կարելի է «Իգլան» «դնել» Արցախի պաշտպանության նախկին նախարարի «գրպանն» ու կալանավորել նրան։ Իսկ քաղաքական գերնպատակն այն էր, որ Բաբայանը 2017 թվականի ապրիլի ընտրությունների օրը ազատության մեջ չլիներ եւ չխանգարեր ՀՀԿ-ի հաղթարշավին։
Թիրախում Սերժ Սարգսյանն էր
Հիշեցնենք, որ 2015 նոյմեբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում ԱԱԾ-ի կողմից «դիմակահանդեսի» արարներով վնասազերծվեց մի խումբ, որը, ըստ մեղադրանքի, պետք է զինված հարձակումներ իրականացներ ՀՀ պետական մի շարք գերատեսչությունների վրա: Աղմկահարույց այս խմբի պարագլուխն է «Հայոց վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվեցին ՀՀ նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ էլի շատ այլ անձինք, որոնք պնդում են, որ խմբի հետ որեւէ առնչություն չունեն: Սակայն այս գործը վերահսկող դատախազներ Արամ Արամյանը եւ Արմեն Փանոսյանը, շոուն իրականություն մատուցելով, ամեն ինչ արեցին՝ կալանքի տակ պահելու այն մարդկանց, որոնք անցանկալի են իշխանությանը։ Սակայն այսքանով Սերժ Սարգսյանի իշխանությանը վտանգ ներկայացնող անձանց կալանավորման գործընթացը կանգ չառավ:
Ժիրայր Սէֆիլյանը եվ
8 կալանավորվածները
2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Վթարված ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում էր Ժիրայր Սէֆիլյանը։ Նրանք մեղադրվում են ապօրինի զենք պահելու մեջ: Այս գործով մեղադրող դատախազը Պետրոս Պետրոսյանն է, սակայն դատարանում եւս երկու դատախազներ ներգրավվեցին՝ Արամ Արամյանը, Հակոբ Ենոքյանը:
Այն, որ Ժիրայր Սէֆիլյանը մշտապես Սերժ Սարգսյանի իշխանության դեմ է խոսել, քննադատել է «դաժանաբար», գաղտնիք չէ ոչ ոքի, բայց նույն գործով կալանավորված մյուս երիտասարդները պարզապես ակտիվիստներ են եղել, որոնք մասնակցել են Ժիրայր Սէֆիլյանի կողմից կազմակերպված բողոքի ակցիաներին։ Նրանցից ոչ ոք մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Սակայն քննիչների, դատախազների եւ դատավորների շնորհիվ ստեղծվել է մի իրավիճակ, որ նա, ով մեզ հետ չէ, մեր դեմ է եւ պետք է մեկուսացնել:
Ինչու չմեղմացրին մեղադրանքը
Այս ֆոնին ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ դեռեւս 2016 օգոստոսի 5-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» անդամների կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու դեպքին եւ գործով անցնող անձանց մեղադրանքներին, շեշտել էր, որ Հայաստանի օրենսդրությամբ զենքերը վայր դնելու եւ պատանդներին ազատ արձակելու դեպքում նրանց հանդեպ իրավական գնահատականը կմեղմացվի։ «Խրախուսական նորմի իմաստը հետեւյալն է. երբ որ կամովին հրաժարվում ես հանցագործությունից, այսինքն՝ պատանդներին բաց ես թողնում, 218 հոդվածի պայմաններում, երկրորդ՝ շենքեր, շինություններ զավթելու պայմաններում, երբ որ կամովին հանձնում ես եւ հրաժարվում ես, երկու դեպքում էլ գործում է խրախուսական նորմը, եւ անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության»,- հայտարարել էր գլխավոր դատախազը։ Բայց ինչպես ցույց տվեց իրավիճակը, խմբավորման անդամները պատանդներին ազատ արձակեցին, կամովին հանձնվեցին, սակայն նրանց մեղադրանքը չմեղմացվեց: Ըստ էության այս գործը վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանը հրահանգ է ունեցել որեւէ կերպ չմեղմացնել Սերժ Սարգսյանի իշխանության դեմ գործողների պատիժները: Բայց ամենացավալին այն է, որ այս գործի շրջանակներում մի ընտանիքից մի քանի անդամներ կան կալանավորված։
Ազգուտակով՝ կալանքի տակ
Նշենք, որ այս օրերին «Սասնա ծռերի» գործով կալանավորված Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը եւս կալանքի տակ է, նրան մեղադրում են անկարգություններ հրահրելու մեջ: Վերջինիս մասով գործը հսկող դատախազը Հայկ Պետրոսյանն է: Ի դեպ, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների եղբայրը՝ Հայկ Կյուրեղյանը, 2015 թվականին 9 տարվա ազատազրկման դատապարտվեց, որը Կենտրոն դատարանի դիմաց, ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ համախոհների ազատության, օդամղիչ ատրճանակից օդ էր կրակել: Վերջինիս մեղադրող դատախազը Հարություն Սարգսյանն է: Նշենք, որ Կյուրեղյան 3 եղբայրները այսօր կալանքի տակ են:
Սարի թաղում ծավալված իրադարձությունների արդյունքում բախում էր եղել նաեւ Սարի թաղի 10 երիտասարդների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ: Երիտասարդները արդեն 1 տարի է, ինչ գտնվում են կալանքի տակ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով։ Նրանց հարազատները գրեթե ամեն օր բողոքի ակցիա են իրականացնում դատախազության շենքի մոտ՝ խնդրելով ազատ արձակել իրենց ամուսիններին, հայրերին, եղբայրներին, քանի որ իրենց ընտանիքները չեն կարողանում ապրուստի միջոց գտնել: Սակայն տղաներին մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը ձկան նման լուռ է։
Այսպիսով՝ եթե պետպատվերով մարդկանց «գլխին սարքելու» դատախազների վեցնյակ կազմենք, առաջամարտիկները կլինեն հետեւյալ անձինք՝ Արամ Արամյան, Գեւորգ Գեւորգյան, Հայկ Պետրոսյան, Պետրոս Պետրոսյան, Արմեն Փանոսյան եւ 6-րդ՝ Հակոբ Ենոքյան։ Ու հավանաբար հենց նրանք կլինեն պարգեւատրում ստացող դատախազների շարքում, քանի որ Սերժ Սարգսյանի իշխանությանը ռեալ վտանգ ներկայացնող անձանց նրանց ջանքերով են պահում կալանքի տակ:
Ու ստացվում է, որ ՀՀ դատախազությունը՝ ի դեմս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու համար «մարդկանց նստեցնող» մարմին է դարձել։ Դրա համար էլ պիտի պարգեւներ ստանան։ Հակառակ դեպքում ինչպես հայտնի գովազդում է ասվում՝ այդ ո՞ւր, առանց ծաղկի, այս դեպքում՝ առանց պարգեւի։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԸ
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի մարզային դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի եւ նույն դատարանի դատավորի՝ Վանիկ Վարդանյանի կողմից կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործից: Բանն այն է, որ դատավորների՝ կաշառք վերցնելու գործը բացահայտվել է իրավապահների կողմից իրականացված ուշագրավ գործողությունների արդյունքում:
Նշենք, որ վերոնշյալ պաշտոնատար անձինք կալանավորվել էին հունիսի 9-ին: Ըստ նախաքննության տվյալների՝ Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանի ծնողները ցանկացել էին ազատ արձակել իրենց որդուն եւ դրա համար գումար են տվել վերոնշյալ պաշտոնատար անձանց մտերիմներին, որպեսզի հարցը լուծվի: Սակայն այդպես էլ գումարը տեղ չէր հասել, եւ մեղադրյալ Գոռ Գալստյանը մնացել էր կալանքի տակ: Ի սկզբանե հայտնի դարձավ, որ մեղադրյալ Գոռ Գալստյանի ծնողները իրավապահներին որեւէ բողոք չեն ներկայացրել, եւ այս դեպքը իրավապահները բացահայտել էին նրանց հեռախոսազանգերը գաղտնալսելու արդյունքում: Բայց պարզվում է, որ ԱԱԾ-ն կաշառակերության այս դեպքը բացահայտելու համար այլ գործողությունների էլ է գնացել:
Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իրավապահները հատուկ սարքեր են կիրառել: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի աշխատասենյակի էլեկտրալարերի միջոցով դրսից հետեւել են աշխատասենյակի անցուդարձին: Եվ ահա այդ թանկարժեք գաղտնալսման արդյունքում էլ, ըստ լուրերի, արձանագրվել է, թե ինչպես է դատավոր Վանիկ Վարդանյանը գումարը կիսում դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի հետ:
Նկատենք, սակայն, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դեռ որեւէ անհերքելի փաստ, տեսանյութ չի հրապարակել, որը կարող էր վստահություն ներշնչել հասարակության մոտ, որ իսկապես դատավորները կաշառք են վերցրել: Ու քանի դեռ իրավապահների կողմից վերոնշյալ պաշտոնատար անձանց կաշառքի գործով ապացույցներ չեն ներկայացվել, այլ լուրեր են տարածվում այս կամ այն փաստի գոյության մասին, նրանց կալանքի տակ պահելը մի շարք կասկածների տեղիք է տալիս: Արդյո՞ք նրանք կաշառք են վերցրել, թե՞ պարզապես դարձան քավության նոխազ՝ հանուն Եվրոպայի գումարների:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԲԱՐՎՈՔ ՎԻՃԱԿՈՒՄ
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտնել է. «Կա վստահություն, եւ ներդրողների համար այսօր Հայաստանում ստեղծվել է գների կայունություն եւ ֆինանսական կայունություն: Եվ տարբերությունը մեր հարեւան ֆինանսական համակարգերից դա է, որ ե՛ւ տարածաշրջանի, ե՛ւ ԱՊՀ երկրների շարքում ֆինանսական կայունության բոլոր ցուցանիշներով գտնվում ենք բավականին բարվոք վիճակում: Սա առաջին գրավականն է ներդրումների համար»: Ըստ նրա` պետք է ստեղծել բորսան, դեպոզիտարիան, կատարելագործել որոշ գործիքներ, որոնք հնարավորություն կտան ներդրումներ իրականացնել եւ զարգացնել մեր կապիտալի շուկան:




Լրահոս