Տեւական ժամանակ է, ինչ Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի եւ «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի միջեւ սկսված հակամարտությունը շարունակվում է:
«Ստանդարտ դիալոգ» ընկերության աշխատակիցները պնդում են, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը, օգտագործելով պաշտոնական դիրքը, փորձում է ստեղծել սննդամթերքի փորձաքննության մոնոպոլիա: Այս բովանդակությամբ բողոք-նամակով ընկերությունը դիմել է Սերժ Սարգսյանին: Ըստ «Ստանդարտ դիալոգ»-ի՝ լաբորատորիաները կարողանում էին գործունեություն ծավալել ի հաշիվ սննդամթերքի փորձաքննության պատվերների, բայց ավելի քան երեք ամիս ՍԱՊԾ-ի կողմից ապօրինաբար բոլոր պատվերներն ուղղորդվում են նույն ծառայության ենթակայությամբ գործող լաբորատորիա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիան պատկանում է սննդի անվտանգության ծառայության նախկին աշխատակից, անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանին:
Պարզեցինք, որ «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայի աշխատակազմի պահանջով նախագահի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է անցկացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում: Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը:
-Պարո՛ն Կարապետյան, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում Ձեր ղեկավարած կառույցում: Համապատասխանո՞ւմ է այս տեղեկությունը իրականությանը, թե՞ ոչ:
-Ի՞նչ եք ուզում լսել ինձանից: Այդ ուսումնասիրությունները դիմում-բողոքի ընթացքն է: Որոշակի դիմում-բողոք է եղել, ուսումնասիրում են…
-Կոնկրետ ինչի՞ց են բողոքել:
-Բողոքել են որոշակի գործընթացներից, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Հիմա ուսումնասիրությունը կատարվում է, եւ արդյունքների մասին Ձեզ առաջիկայում տեղյակ կպահեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ