Հայաստանում ծխախոտի խոշոր արտադրող ընկերությունը մտադիր է զբաղվել նաեւ արևային էլեկտրական էներգիայի արտադրությամբ: Եթե սա հաջողվի, ապա ընկերությունը այն շուկայական գներով կվաճառի ինչպես ՀԷՑ-ին, այնպես էլ՝ շարքային քաղաքացիներին ու ձեռնարկատերերին:
Դե քանի որ որոշել են, պետական ատյանները նրանց բոլոր հարցերը կարգավորել են: «Ժողովուրդդ»-ը տեղեկացավ, որ հունիսի 27-ին ընկերությունը հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ պահանջել տրամադրել Արարատի մարզի Մասիս գյուղում «Գրանդ Սոլար-1» արեւային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա:
Հանձնաժողովն իր վաղվա նիստում ընկերությանը մինչեւ 2038 թվականի հուլիսի 12-ը գործողության ժամկետով կտրամադրի էլեկտրական արտադրության լիցենզիա: Դրանից ընկերությունը պարտավորվում է կառուցել 999.68 կՎտ տեղակայվող հզորությամբ «Գրանդ Սոլար 1» արեւային էլեկտրակայան:
Բայց ուշագրավն այն է, որ Մասիս համայնքի ղեկավար Ենոք Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ գյուղապետարանի հետ ընկերությունից ոչ ոք չի հանդիպել, այս թեմայի շուրջ չի զրուցել: