Այն որ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները ավելացել են իր պաշտոնը զբաղեցնելու տարիներին, դրանում ոչ մի կասկած չկա: Դա պարզ է դառնում նաեւ պաշտոնական փաստաթղթերից:
Նա ունի մեկ բնակարան եւ մեկ ավտոտնակ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած իր պաշտոնական հայտարարագրի համաձայն` նա ավտոմեքենա չունի: Իսկ որպես եկամուտ ՀՎԿ առաջնորդը հայտարարագրել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից ստացած 4 մլն 783 հազար դրամը, Հայաստանում ֆրանսիական համալսարանից ստացած 5 մլն 422 հազար 657 դրամը, «Ռոսնեֆտ Իտեռա» եւ «ՄՏՍ Բանկ»-ից ստացած 12 մլն ռուսական ռուբլիի չափով փոխհատուցումը: Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները կազմել են 12 մլն դրամ 20 հազար դոլար եւ 3 մլն ռուսական ռուբլի:
Բայց ArmLur.am-ը պարզեց, որ Արթուր Բաղդասարյանի դրամական միջոցները 2011 թվականին կազմել են 5 մլն դրամ, 20 հազար դոլար, իսկ որպես եկամուտ հայտարարագրած ամսական աշխատավարձը՝ 356 հազար դրամը:
Եւ միայն մեկ տարի անց՝ 2012-ին, նույն Բաղդասարյանի դրամական միջոցները զգալի ավելացել են՝ կազմելով 25 մլն դրամ, 20 հազար դոլար: Նա 2012 թվականին որպես եկամուտ հայտարարագրել է ամսական 317 հազար դրամ ստացած աշխատավարձը, 24 մլն 294 հազար դրամի չափով միանվագ վճարը եւ 1 մլն 350 հազար դրամը, որը ստացվել է գույքը վաճառելուց:
2013 թվականին նույնպես Բաղդասարյանի դրամական միջոցները ավելացել են՝ դառնալով 25.5 մլն դրամ, 20 հազար դոլար: Փոխարենը՝ աշխատավարձի չափն է նվազել. նույն տարում նա որպես եկամուտ հայտարարագրել է 304 հազար դրամ աշխատավարձը եւ 8 մլն դրամի չափով ստացած «այլ» եկամուտը:
ՀՎԿ առաջնորդի տիկինը՝ Աննա Բաղդասարյանի դրամական միջոցները 2011 թվականին ունեցել է 37 մլն դրամ եւ 10 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է 150 հազար դրամի չափով աշխատավարձը: Բաղդասարյանի տիկնոջ դրամական միջոցները նույնպես մեկ տարում ավելացել են. 2012 թվականին նա հայտարարագրել է, որ ունի 38.5 մլն դրամ եւ 10 հազար դոլար:
Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է 405 հազար դրամի չափով ստացած տարեկան աշխատավարձը եւ վաճառած գույքից ստացած 2.5 մլն դրամը: 2013 թվականին նրա դրամական միջոցները նույնն են մնացել՝ 38.5 մլն դրամ, 10 հազար դոլար եւ 296 հազար դրամի չափով աշխատավարձը: