Հարց քաղաքացիներից՝ հաշմանդամության կարգ ունեցող դիմորդն ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բարեկամուհուս աղջիկն ունի հաշմանդամության կարգ: Պատրաստվում է դիմել բուհ: Նրանք ուզում են տեղեկանալ, թե ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել նման կարգավիճակ ունեցող դիմորդները:

Նարինե Հովհաննիսյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի՝
Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հատուկ ուսումնական հաստատություններում:

ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների եւ մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով:

Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամներն այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:

Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամներն եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ՝ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:

Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ: Վճարովի համակարգ են տեղափոխվում նաեւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ:

Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ:

Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում վճարվում է կրթաթոշակ` անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունված 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:




Լրահոս