Դսեղում Թումանյանի տուն-թանգարանում և շուրջը. նախարար Ամիրյանի այցը Դսեղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն ու նրա շուրջը կենդանանում են. շատացել ու «կանչում» են Թումանյանի հերոսների՝ թեկուզ առայժմ դեռևս անավարտ, տուֆակերտ ու փայտյա քանդակները։

Հայրենական տուն-թանգարանի բակում է թաղված Հովհաննես Թումանյանի սիրտը, հիմա վերադառնում է նրա շունչը։

Դեռևս անավարտ 12 տուֆակերտներ քանդակների մեջ ամենաշատը՝ 3, անդրադարձ կա Անուշի կերպարին, երկրորդ տեղում Քաջ Նազարն է, եթե իհարկե, չհաշվենք երրորդ Քաջ Նազարին, որը տապալված ծառի կոճղից է «սկիզբ առնում»։ Տուֆից քանդակների ամենաերիտասարդ հեղինակի՝ 17-ամյա ուսանող Հովհաննես Բաղդասարյանի «Շունն ու կատուն» անսպասելի լուծում ունի՝ կատուն նստած է շան գլխին։ Անուշի հետաքրքրիր լուծում է առաջարկել Անդրանիկ Բալաբանյանը. հերոսուհին «պոկվում է» պարզապես գրքի էջերից՝ ձորը նետվելու։

Քանդակներն ավարտուն տեսք կունենան մինչև հուլիսի 26-ը և կմնան Դսեղում։
Թանգարանի սանհանգույցի և հանգստի փոքրիկ գոտու շինարարությունը նույնպես ավարտին է մոտենում. աշնան սկզբին բացարձակապես անգործածելի կդառնա հարևան տան ցանկապատի ցուցանակը՝ զուգարան, 100 դրամ (սանհանգույց չունեցող թանգարանն, իհարկե, վատ բիզնես չէր հարևան բնակչի համար, երբ թանգարանի տոմսի արժեքը 300 դրամ է)։

Նորակառույց հատվածում կգործի նաև հուշանվերների փոքրիկ կրպակը։
«Ստացվել է այն, ինչ որ մտածում էինք, և հաջող է ստացվել։ Կարողանալու ենք հետաքրքրիր ու գրավիչ դարձնել այս համայնքը»,- հուլիսի 17-ին Դսեղ կատարած այցին ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Տուն-թանգարանն առավել «կանչող» դարձնելուն պակասում է միայն բարեկարգ ճանապարհը։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը վստահեցրեց, որ Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհի վերանորոգումը կավարտվի մինչև տարեվերջ։
Դսեղում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը մեծ ու փոքր այցելուների համար առավել հրապուրիչ ու հարմարավետ դարձնելու գաղափարների փաթեթը նախարար Արմեն Ամիրյանը «հանձնարարականների սեղանին» դրեց աշնանը։

Դեկտեմբերին գտնվեց ենթակառույցների շինարարության՝ սպասված մասնավոր ֆինանսավորման աղբյուրը, երբ օդանավում պատահաբար ծանոթացավ ամերիկահայ երաժիշտ և գործարար Աշոտ Տիգրանյանի հետ ( նախագծին և կատարելիք աշխատանքին Դսեղում ծանոթանալուց հետո Տիգրանյանը համաձայնեց 8 մլն դրամ ներդնել սանհանգույցի և հանգստի գոտու շինարարության համար)։

Հունվարին կնքվեց համաձայնագիրը, և սկսվեց շինարարությունը, որն աչալուրջ վերահսկում է նաև ներդրողը։ Շինարարությանը զուգահեռ և եղանակի՝ բարենպաստ դառնալուն պես քանդակագործ Նարեկ Մկրտչյանը ձեռնամուխ եղավ թանգարանի բակի կոճղերից Թումանյանի հեքիաթների հերոսների քանդակները կերտելու՝ նախարար Ամիրյանի գաղափարի իրականացմանը։

Ամռանը նախարարությունը Դսեղում թումանյանական թեմաներով մեծադիր քանդակների սիմպոզիում հայտարարեց. ընտրվեցին երիտասարդ քանդակագործների 12 էսքիզներ։ Նախարարությունը Դսեղ հասցրեց կարմիր տուֆի՝ 2 խորանարդ մետրանոց կտորները և Դսեղում կացության, ստեղծագործելու հնարավորություն ընձեռեց Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից երիտասարդ քանդակագործներին, որոնք Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ են կամ ուսանող։

Նախարար Ամիրյանը երեկ Դսեղում պատմեց Հայաստանի այլ թանգարաններում և հուշարձանների շրջակայքում ևս նախարարության նման նախաձեռնությունների ընթացքի մասին։

Իսկ նախարարությանը զուգահեռ տեղի բնակիչներն էլ հետաքրքիր ինքնագործունեություն են դրսևորում։ Առնվազն Դսեղում։ Թումանյանի տուն-թանգարանի մոտակայքում Անահիտ տատիկի տնակային կրպակն է, որտեղ իր պատրաստած տիկնիկներն է իրացնում։ Նրանց մեջ նույնպես թումանյանական հերոսներ կան, նաև՝ հայտնի հայ մտավորականների կերպարներով տիկնիկներ։




Լրահոս