ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ո՞ր օբյեկտները ենթակա չեն լիցենզավորման:
Կարեն Առաքելյան (34 տարեկան, անհատ ձեռներեց)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության լիցենզավորման մասին օրենքով սահմանվել եւ լիցենզավորման ենթակա տեսակների ցանկից հանվել են մի շարք օբյեկտների նկատմամբ լիցենզավորված կազմակերպությունների կողմից շինարարությունն իրականացնելու պահանջը, որոնց նկատմամբ կիրառվում է հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն:
Այդ օբյեկտներն են` բնակավայրերում կառուցվող 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչեւ երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները եւ 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունները եւ 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները:
Վերոնշյալ օբյեկտների շինարարական աշխատանքները, պետք է կատարվեն տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի եւ տնտեսական հսկիչի ներգրավման: (Հայաստանի Հանրապետության 30.05.2001 վականի «Լիցենզավորման մասին» օրենք, 43-րդ հոդված, 17-րդ կետ):
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: