ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդի է հանել գյուղատնտեսության նախարարության տրանսպորտային միջոցները:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր կկայանա գյուղատնտեսության նախարարության ավտոմեքենաների աճուրդը: Իսկ աճուրդի հանվել են թվով 4 ավտոմեքենա, չորսն էլ հին տարեթվի արտադրության: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գյուղատնտեսության նախարարությունը վաճառքի է հանել 1998 թվականի արտադրության 250 հազար մեկնարկային գնով «Վազ 21213» , 1999 թ արտադրության 270 հազար դրամ արժողությամբ «Գազ 3102», 2002 թվականի արտադրության 310 հազար դրամ արժողությամբ «Վազ 21214» եւ 2004 թվականի արտադրության 420 հազար դրամ արժողությամբ «Շեւրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ:
Նշենք, որ աճուրդով չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի գույքի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: Օրինակ, եթե նշված ավտոմեքենաներից «Վազ 21213»-ը չվաճառվի հուլիսի 19-ին, ապա օգոստոսի 8-ին այն աճուրդի կհանվի 160 հազար դրամով: Բայց ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վաճառքի հանված բոլոր ավտոմեքենաները ունեն խնդիրներ, եւ դրանք շտկելու համար հսկայական գումարներ են անհրաժեշտ:
Օրինակ, «Գազ 3102-ի» փոխանցման տուփն ունի թերություններ, անվադողերը մաշված են, թափքի վրա կան կոռոզիայի ենթարկված հատվածներ: Իսկ ահա «Վազ 21213»-ի շարժիչի մխոցի օղակները մաշված են, կատարվում է յուղի ավել այրում, շարժիչը ենթակա է նորոգման եւ այլն: Նույն խնդիրներն ունի նաեւ «Վազ 21214»-ը եւ «Շեւրոլե Նիվա»-ն:
Հիշեցնենք, որ անցած տարի, երբ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրահանգեց անցնել խնայողությունների ռեժիմի, բոլոր գերատեսչությունները լծվեցին իրենց հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների կրճատման գործընթացին:
Եւ վերջին ամիսների ընթացքում ակտիվորեն սկսեցին վաճառքի հանել իրենց հաշվեկշռում գտնվող հին արտադրության եւ շահագործման համար ոչ պիտանի ծառայողական ավտոմեքենաները: Այս ամենից հետ չի մնացել նաեւ գյուղատնտեսության նախարարությունը, որը վաճառքի է հանել մաշված անվադողերով, փչացած շարժիչով ավտոմեքենաներ:
Սյունէ Համբարձումյան