ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԽՔ-Ի ԲԻԶՆԵՍՆ Է-2

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Արթուր Բաղդասարյանը սերտ կապեր է ունեցել ֆրանսիական կառավարության հետ եւ նախընտրական գործընթացները կազմակերպելու համար գումարներ ստացել Ֆրանսիայում գտնվող «Մեծ արեւելք» մասոնական օթյակից: Ըստ որոշ տեղեկությունների` այդ մասին իմացել էր նաեւ Վազգեն Սարգսյանը: Այդ հրապարակումներում նշվում էր նաեւ, որ Արթուր Բաղդասարյանը «դրսից» ստացած գումարներով է հիմնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանը… Ֆրանսիական համալսարանից զատ, նա հիմնել է նաեւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան եւ լինելով ԱԺ նախագահ` հանձնարարել այն ժամանակվա ԿԳ նախարար Սերգո Երիցյանին մասնավոր բուհ-երի համար հատկացված անվճար տեղերն ու բանակից տարկետման քվոտաները տրամադրել այս ակադեմիային: Հետագայում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը բացահայտեց բազմաթիվ օրինախախտումներ եւ կրճատեց այս ակադեմիային տրված արտոնությունները:2003թ-ին կոալիցիոն հուշագրի սահմաններում Արթուր Բաղդասարյանը դարձավ ԱԺ նախագահ: Այդ ժամանակ ՀՀԿ անդամ շատ պատգամավորներ «քֆուր» էին դրել, թե ով ձայն տա Արթուր Բաղդասարյանին … Բայց նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարողացավ կոտրել հանրապետականներին եւ Արթուր Բաղդասարյանին դարձնել  երկրի երկրորդ դեմքը` այսպիսով իր ձեռքը վերցնելով նաեւ խորհրդարանը: ԱԺ նախագահ աշխատելու շրջանում Արթուր Բաղդասարյանը մեծ զարկ տվեց իր պոպուլիստական գործունեությանը, սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե նա ինչ արեց յուրաքանչյուր տարի բարեգործությունների եւ հանրային գործունեության համար ԱԺ նախագահին տրամադրվող 25 միլիոն դրամը: ԱԺ նախագահության  ընթացքում Արթուր Բաղդասարյանը, «նալոգներ» դնելով ՕԵԿ-ական օլիգարխների եւ նախարարների վրա, Աբովյան 8 հասցեում կառուցեց կուսակցության հսկայածավալ շենքը, որը հետո իր քեռու անունով գրանցելով` դարձրեց ինչ-որ անհայտ ՍՊԸ-ի սեփականություն: Երբ ընդդիմադիր կեցվածք ընդունելով` Ա. Բաղդասարյանը 2006-ի մայիսի 29-ին հեռացավ ԱԺ նախագահի պաշտոնից  (ինչպես հետագայում պարզվեց, դա  արդյունք էր Քոչարյան-Սարգսյան տանդեմի հանձնարարության), ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Արթուր Բաղդասարյանը բազմաթիվ մսխումներ եւ յուրացումներ է արել, մասնավորաբար մեծ գերածախսեր կան բենզինի կտրոնների մասով… Թե՛ ԱԺ նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակաշրջանում, թե՛ դրանից հետո Արթուր Բաղդասարյանն իրապես դարձավ ընդհատակյա օլիգարխ` ձեռք բերելով հսկայական հարստություններ: Նրա անվան հետ են կապվում  «Ռոբերտո» եւ «Արմենո» խանութների ցանցերը: Նշվում է, որ Բաղդասարյանը ձեռք է  բերել նաեւ հանքարդյունաբերական ընկերություններ` այսպիսով իր ընկերությունների թիվը հասցնելով 10-ի:  2010 թվականին Արթուր Բաղդասարյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում ձեռք  է բերել գինու եւ կոնյակի գործարան` համասեփականատեր ունենալով հայտնի գործարար Նվեր Մխիթարյանին: Արթուր Բաղդասարյանը ներգրավված է  նաեւ էլիտար շինարարության մեջ. նա անմիջական կապ ունի  մայրաքաղաքի Բաղրամյան փողոցում` Գրողների միության հարեւանությամբ կառուցվող բազմահարկ շենքի հետ:  Բաղդասարյանը սեփականություն ունի նաեւ Ջրվեժում, Կասկադում: Գյումրիում եւ Վանաձորում կառուցված Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի մասնաճյուղերի շենքերը եւս նրա տնօրինության տակ են… Ժամանակ առաջ էլեկտրոնային կայքերը գրեցին, որ իր կուսակից պատգամավորներին դրդելով խորհրդարան տանել «ՀՀ էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների եւ լրամշակումների մասին առաջարկությունները, ըստ էության Արթուր Բաղդասարյանը կամեցել է դառնալ նաեւ Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանի բաժնետերերից մեկը:Պաշտոնյա-օլիգարխ Արթուր Բաղդասարյանը «ֆինանսական հարաբերություններով» է կարգավորում նաեւ պաշտոնների նշանակումն ու պատգամավորական տեղերը: Հենց վերջերս ակտիվ քննարկման նյութ էր դարձել այն, որ նա մեծ գումար է վերցրել «մեկից»` գյուղատնտեսության նախարար դարձնելու համար: Ժամանակին խոսվեց նաեւ այն մասին, որ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար Գեւորգ Գեւորգյանը որոշակի «ներդրում» էր կատարել «Օրինաց երկրի» հաշվին… Այս ամենը գրեթե չի հերքվել, որեւէ պաշտոնական բացատրություն չի եղել, իսկ ժողովուրդն ասում է. «Առանց կրակ ծուխ չի լինում»:ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս