ՀԱՐՑ. Հնագույն ձեռագրերի պահպանության համար ի՞նչ միջոցներ են հատկացվում եւ ո՞ւմ կողմից: Արդյո՞ք պայմանները բավարար են, եւ, ընդհանրապես, ինչպիսի՞ն է ձեռագրերի վիճակը:
Ստելլա Կարապետյան, 28 տարեկան, գործավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ թե հնագույն, այլ ընդհանրապես բոլոր ձեռագրերի վիճակը բավարար է եւ միշտ էլ բավարար է եղել: Միջոցներ հատկացվում են թե՛ պետական, թե՛ մասնավոր աղբյուրներից, բայց հիմնականում` պետական:
Պետությունը Մատենադարանին տրված ֆինանսավորմամբ հիմնականում ապահովում է ձեռագրերի` անհրաժեշտ պայմաններում պահպանության խնդիրները: Պայմանները բավարար են եղել, բացի այն վատագույն տարիներից, միշտ էլ պահպանության հարցում հնարավորը կարողացել ենք անել:
Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ քիչ, բայց պատահում է նաեւ այնպես, որ պետական ֆինանսավորմամբ գործող հաստատությունը գործերի լավ կամ վատ ընթացքը ֆինանսներով չի պայմանավորում:
Ինչ վերաբերում է Մատենադարանին, ապա ուշագրավ է, որ ոչ այնքան մեծ միջոցներ ստացող այս կառույցը հնարավորության սահմանում կարողանում է իր անելիքը կազմակերպել: Մնում է հուսալ, որ տեխնոլոգիական բոլոր միջոցները կիրառվում են, եւ մեր հնագույն ձեռագրերը ապահով ու հուսալի մարդկանց ձեռքերում գտնվելու շնորհիվ հնարավորինս երկար կպահպանվեն: