ԿԱՆԱՅՔ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կանայք հայոց աշխարհի» կուսակցության  անդամները, ինչպես ենթադրելի է կուսակցության անվանումից, բացառապես կանայք են:  Կուսակցության ղեկավարը գյումրեցի Ժաննա Մանուկյանն է, որի գործունեությունը չի սահմանափակվում միմիայն կուսակցապետությամբ: Տիկին Մանուկյանը ղեկավարում է նաեւ ՀՀ սինխրոն լողի ֆեդերացիան, որի  նախագահն է սկսած  2005 թվականից: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանում միակ կանացի կուսակցության ղեկավարը, նախ ստեղծվել է «Կանանց շարժում», որից էլ բխել է կուսակցության ստեղծման գաղափարը: «Կանայք հայոց աշխարհի» կուսակցությունը արդարադատության նախարարությունը ի սկզբանե չի ցանկացել գրանցել. «Նախարարությունում գտնում էին, որ հատուկ կանանց կուսակցություն չպետք է լինի»: Ու թեեւ պետության կողմից Կորյունի 19 8-րդ հարկում 1994 թվականին գրանցված կուսակցությանը հատկացված գրասենյակը 2006 թվականին  անհասկանալի կերպով վաճառվել է, սակայն «Կանայք հայոց աշխարհի» կուսակցության ղեկավարի խոսքերով գրասենյակի բացակայությունը  խոչընդոտ չէ կուսակցության գործունեության համար: Ինչ վերաբերում է կուսակցության գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին, ապա տիկին Մանուկյանն ասաց, որ ԿՀԱԿ-ը ֆինանսավորողներ չունի. «Հիմնականում մեր անդամավճարներն են մեզ օգնում, լինում են նաեւ նվիրատվություններ: Փառք Աստծո, երբ որ ֆինանսի կարիք ենք զգացել, անպայման այդ օգնությունը ստացել ենք: Իսկ ընտրությունների ժամանակ մեր գրպանից ենք դրել կամ էլ մեզ աջակցել են»: Առաջիկա ԱԺ ընտրությունների վերբերյալ կուսակցությունը դեռեւս երկմտում է, դեռեւս որոշված չէ մասնակցության ձեւաչափը. «Դաշինքով մասնակցելու համար ենք մտածում, հիմա չեմ ասելու, թե որ կուսակցություններն են, բայց ասեմ, որ մենք լուրջ զբաղվում ենք»:  Այնուամենայնիվ, բազմաթիվ այլ կուսակցությունների համեմատ, ՀՀ միակ կանացի կուսակցությունն այնքան էլ սակավամարդ չէ: «Կանայք հայոց աշխարհի» կուսակցության նախագահը նշեց, որ կուսակցության անդամների թիվը  վաղուց  չի վերահաշվառվել. «Կոնկրետ հիմա թիվը չեմ կարող ասել, բայց անցած տարի մոտ 2750 անդամ ունեինք: Նշեմ նաեւ, որ այս տարվա ընթացքում մեզ անդամակցող կանանց թիվն ավելացել է»: Ու թեւ առայժմ կանանց կուսակցությունը չեզոք դաշտում է գտնվում, սակայն այդ չեզոքությունը «հարատեւ» չէ: «Կանայք հայոց աշխարհի» կուսակցության ղեկավարի խոսքերով իրենք դեռեւս պասիվ են, սակայն  ժամանակի ընթացքում անպայման ակտիվանալու են: ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս