Երեւանի քաղաքապետարանը ներքաղաքային միկրոավտոբուսային թիվ 22 երթուղու համար «Իսավ» ընկերության հետ կնքած պայմանագիրը լուծել է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերությունը հրաժարվել է երթուղուց: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Իսավ»-ի տնօրեն Պատվական Միհրանյանի հետ:
–Պարո՛ն Միհրանյան, բազմաթիվ քաղաքացիներ հետաքրքրվում են, թե ինչու չի գործում թիվ 22 երթուղին:
-Թիվ 22 երթուղին այլեւս մերը չէ: Մենք նման երթուղի չունենք:
–Բայց թիվ 22 երթուղին շահագործել է «Իսավ» ընկերությունը…
-Մոտ մեկ ամիս է, ինչ մեզ չի պատկանում: Նախկինում մերն է եղել, բայց մենք նորից հետ ենք տվել քաղաքապետարանին: Հրաժարվել ենք:
-Ի՞նչն էր հրաժարվելու պատճառը: Ձեռնտո՞ւ չէր…
-Ձեռնտու լիներ, ինչո՞ւ էինք հրաժարվում:
-Ձեռնտու կլիներ, երբ ուղեվարձի սակագինը բարձրանա՞ր…
-Միայն ուղեվարձը չէ խնդիրը: Հազար խնդիր կա. վարորդ չունենք, մեքենաները պարկում կանգնած` վարորդ չունենք: Ինչպե՞ս աշխատացնեինք ու հարկ ու տուրք վճարեինք: Խնդիրն ազգի մեջ է. բոլորը թողնում, գնում են այստեղից:
-Գուցե վարորդ չունենալու պատճառը ցածր աշխատավա՞րձն է…
-Տարբեր մարդիկ տարբեր պատճառաբանություններ ունեն:
–Հիմնականում ի՞նչ պատճառաբանությամբ են հրաժարվում վարորդ աշխատել:
-Հիմնական պատճառը ասում են՝ չեմ ուզում միկրոավտոբուս, ավտոբուս քշել: Չեմ ուզում այդ աշխատանքը կատարել, դա լավը չէ, ավելի լավ աշխատանք եմ ուզում:
–Այժմ Ձեր ընկերությունը երթուղի շահագործո՞ւմ է:
-Ունենք 39, 71 միկրոավտոբուսային երթուղիները: Մենք թիվ 22 երթուղուց հրաժարվել ենք, որպեսզի կարողանանք գոնե սրանց պահել:
–Պարո՛ն Միհրանյան, Դուք այն ուղեւորափոխադրողներից էիք, երբ 2013թ. պահանջեցիք հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացում…
-Մենք այն ժամանակ գոռում էինք, որ տրանսպորտի վիճակը լավ չէ: Խնդրում էինք անդրադառնալ, ասում էին` գերշահույթ եք ստանում: Հիմա նվեր ենք տալիս: Իսկ հիմա միայն 22-ը չէ, բազմաթիվ երթուղիներ են փակվում: Ոչ շահութաբեր լինելու պատճառով են փակվում, տուն-տեղ գրավադրել են, գնացել ավտոբուսներ են բերել, բայց շահույթ չեն ստանում: Բա ի՞նչ անեն այդ մարդիկ: Մի ելք ասեք, այդ մարդը ո՞նց աշխատի: Կմնան մի վրանի տակ, տունն էլ ձեռքներից կվերցնեն:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ