ՀԱՐՑ. Աղջիկս սովորում է բուհում՝ 2-րդ կուրսում: Ցանկանում եմ իմանալ՝ կրթաթոշակ ստանալու համար ի՞նչ է պետք: Ո՞ր ուսանողներին է կրթաթոշակ տրվում:
Ռուզաննա Միրզոյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին` գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին:
Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`
1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին.
2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսագրերում եւ զանգվածային լրատվության միջոցներում).
3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին.
4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական բուհերի ընդունելության համակարգում անկում է գրանցվել: Եթե 2012թ. 1-ին կուրս ընդունվածների թիվը եղել է 16.262, ապա 2013-ին այդ թիվը նվազել է՝ դառնալով 14.244, 2014-ին՝ 12.355, 2015-ին՝ 13.208, իսկ 2016-ին՝ 10.995: Այսինքն՝ 1-ին կուրսեցիների թիվը 2016-ին նվազել է 2213-ով: